Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Միջազգային հանրությունը պետք է համախմբի իր ուժերը ահաբեկչության դեմ պայքարում

Հունիս 18,2015 15:27

«Հայտնի է՝ այսպես կոչված Իսլամական պետության մեջ քանի հազար մասնակից կա եվրոպական երկրներից եւ ոչ բոլորն են կրոնի համար պայքարում»,- հունիսի 18-ին 89-րդ  «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նրա՝ կրոնը այդ կազմակերպության համար մանիպուլյացիայի ձեւ է, որպեսզի որոշ ազդեցություն եւ լրացուցիչ հնարավորություն ստեղծեն այն տարածաշրջանում, որ իրենք գործում են: Նա նկատեց, որ այդ տարածաշրջանում բնակչության հիմնական մասը մուսուլման է: Նախարարը կարեւորում է այնտեղ փոքրամասնությունների վիճակը, նամանավանդ, քրիստոնյա փոքրամասնությունների. «Այն տարածաշրջանը, որը քրիստոնեական կրոնի ակունքն է, տպավորություն կա, որ տեսանելի ապագայում այնտեղ քրիստոնյա չի մնա»:

Էդվարդ Նալբանդյանը համարում է, որ Իսլամական պետության դեմ պետք է պայքարել ոչ թե ձեւական, այլ գործնական՝ ֆինանսական հնարավորություններից զրկելով. «Որովհետև հայտնի է, որ ֆինանսավորում է տրամադրվում այդ կառույցներին և հրապարակումները բաց կան և հայտնի է բոլորին, թե որ երկրներից են գալիս և ինչպես: Եվ նաև ենթակառուցվածքային աջակցություն է ցուցաբերվում, սահմաններ են բացվում, որ նրանք անցնեն ինչ-որ մի տեղ, կամ ինչ-որ վարձկանների խրախուսվում է, որ ժամանեն հարևան որոշ երկիր և այնտեղից տեղափոխվեն այլ երկիր, և այլն և այլն: Այսինքն՝ այստեղ խոսքը չի գնում նրա մասին, որ ահաբեկչական այդ կառույցը եթե այսօր իրեն մի փոքր ուրիշ ձևի է պահում՝ ինչ-որ շատ նեղ շահերից ելնելով, պետք է հաշվել, ոչ, այնքան էլ ահաբեկչական չէ, ոնց-որ այսօր հնչում է Նուսրայի մասին: Այսինքն՝ հանկարծակի հնչում է, որ՝ ոչ, Ալ-Նուսրան միգուցե այդքան էլ ահաբեկչական չէ և կարող է այդ կառույցը պայքարել ասենք Սիրիայի իշխանությունների դեմ: Բայց դա ահաբեկչական կառույց է:

Պայքարում է դա իշխանությունների դեմ, թե ոչ, ահաբեկչական կառույց է, որը պայթեցրել է մի շարք եկեղեցիներ և Ալ-Քաիդայի, ինչպես ասվում է, շարունակությունն է: Ալ-Քաիդան էլ է քննադատում Իսլամական պետությանը, ու հիմա եկեք ասենք, որ Ալ-Քաիդան այդքան էլ ահաբեկչական կազմակերպություն չէ: Այս հարցում, իհարկե, միջազգային հանրությունը պետք է համախմբի իր ուժերը և այստեղ աշխարհաքաղաքական և նեղ շահերից ելնելով չպետք է մոտենա և ընդհանուր պայքար պետք է վարի ահաբեկչության դեմ, որովհետև այդ ահաբեկչական կառույցները իրենց գործունեությունը շուտով կծավալեն նաև այլ երկրներում, և դա կարող ա շատ ավելի ուշ լինել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930