Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական սպասվող թանկացումները. օղի, ծխախոտ, բենզին, գազ (Տեսանյութ)

Հունիս 18,2015 15:22

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումը: Պատգամավորները կրկին ունեն դժգոհություններ: Հիմնական դժգոհությունն այն է, որ ակցիզային հարկը վեց դրամով թանկացնում են:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը վստահեցրեց, որ ակցիզային հարկի բարձրացումը կապված է շարքային քաղաքացու գնողունակության հետ: Այնուհետև հետաքրքրվեց` ինչո՞ւ միջազգային բրենդային դիզվառելիքի կազմակերպություններ ՀՀ չեն գալիս, կամ ինչո՞ւ «Մաքդոնալդսը» չի գալիս Հայաստան: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Պատճառը շուկայի տարողունակությունն է: ՀՀ շուկան փոքր է, դրա պատճառը կարող է լինել հենց դա»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «այս նեղ մաջալին ի՞նչ իմաստ ունի այս թանկացումը», առանց այդ էլ հոսանքը թանկացել է, ու այս ակցիզային հարկի թանկացումը բերելու է բազում ապրանքների թանկացման: Պարոն Մարուքյանի տեղեկացմամբ` տեղական արտադրողներն ուղղակի սարսափած են:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը փորձեց հանգստացնել, թե 2016-ի հունվարի 1-ից է նախագիծը ուժի մեջ մտնելու:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, թե այս որոշմամբ հարված ենք հասցնում գնողունակությանը, փոքր ու միջին բիզնեսին, այնինչ պաշտպանում ենք բենզինի ու դիզվառելիքի ներմուծողների շահերը, իբր քիչ են պաշտպանված: Արծվիկ Մինասյանը մտավախություն ունի, որ այս որոշումը արտահերթով է բերվել, որ ուղղակի անցկացվի և հանձնաժողովը չհասցնի պատշաճ քննարկում կազմակերպել: Ըստ պատգամավորի `«սա ակնհայտորեն հակասում է հարկային և տնտեսական քաղաքականության սահմանադրական մոտեցումներին»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը սա բնորոշեց որպես « փռշտացող նախագիծ» ու նշեց, թե փորձառու պատգամավորները գիտեն, թե ինչպես են այսպիսի նախագծերը վարչապետի մոտ անցկացնում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ևս քննադատեց այս նախագիծը ու նաև շեշտեց, թե չեն էլ հասցրել քննարկել այն: Նաև ակնարկեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին, եթե բարձրացվի ակցիզային հարկը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ կառավարությունը մոլորության մեջ է ու հայտարարեց. «Հոսանքի գինը թանկացավ, հորով մորով արեցինք, հիմա էլ գազի, բենզինի գինն են ուզում թանկացնել: Օր ու գիշեր քնում մտածում եք, թե ինչից են մարդիկ զանգվածաբար օգտվում, որ բարձրացնեք գի՞նը: Այդ ինը միլիարդը ձեր փայլուն ծառայողականների վրա՞, ձեր պետական վառելիքի՞ վրա եք ծախսելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930