«Բաքվում մեր մարզիկներն իրենց ապահով են զգում, անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չկա: Ամեն օր շփվում եմ, մթնոլորտը շատ նորմալ է»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Հարցին, թե ճի՞շտ եք համարում, որ մեր պատվիրակությունը գնար, այն դեպքում, երբ Ադրբեջանում անգամ «Հայաստան» բառն է արգելված, Գաբրիել Ղազարյանը պատասխանեց, որ այդ հարցին բազմիցս պատասխանել է եւ էլ չի պատասխանելու:
Այդուհանդերձ նախարարն ասաց. «Մի խառնեք, բնական է պետք է գնային, մի խառնեք սպորտը քաղաքականությանը: Սա սպորտ է եւ եթե առաջին Եվրոպական խաղերն է, էլի եմ կրկնում, սա չի նշանակում, որ դա Ադրբեջանի սեփականությունն է, ոչ, դա Եվրոպական խաղերն է, որը Օլիմպիական միջազգային կոմիտեի սեփականությունն է»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչո՞ւ նախարարն էլ Բաքու չի մեկնել հայ մարզիկների հետ, վախեցե՞լ է, պարոն Ղազարյանն ասաց, որ ծանրաբեռնվածության պատճառով չի մեկնել. «Սպորտսմենները վախ չունեն, ասեմ իմանաք»,-ասաց նախարարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ