«Մենք առանձնակի կարեւորում ենք խորհրդարանական համագործակցությունը»,- հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ Հայաստանը զգայուն է անվտանգության միջավայրի փոփոխություններին եւ հանդես է գալիս հակամարտության լուծման խաղաղ միջոցներով. «Մենք պատրաստ ենք անել ամենը՝ կանխելու համար անցանկալին: Լինելով ՀԱՊԿ ակտիվ անդամ՝ մենք միաժամանակ վստահելի գործընկեր ենք նաեւ ՆԱՏՕ-ի համար: Համոզված ենք, որ անվտանգության բարձր մակարդակ կարելի է ապահովել երկխոսության միջոցով: Դա վերաբերվում է նաեւ մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին»:
Էդուարդ Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, սակայն, նա նաեւ հավելեց, որ Հայաստանի համար անընդունելի են Մինսկի խմբի դիրքորոշմանը չհամապատասխանող ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթերում ձեւակերպումները:
Արտաքին գործերի նախարարն ասաց, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կեցվածքը, որն առաջին հերթին հենց ադրբեջանական հասարակությանն է փակուղի տանում: Նա հավելեց, որ Հայաստանը կողմ է ջանքերը շարունակել հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Բաքուն հակադրվում է Մինսկի խմբի համանախագահներին, նա մերժում է նրանց առաջարկները: Վերջին մեկ տարվա ընթացքում սահմանում Բաքուն սրել էր իրավիճակը: Դա պատճառ է հանդիսացել մեծ կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: Համանախագահները խիստ մտահոգություն հայտնեցին, նրանք ուղղակիորեն կոչ արեցին հավատարիմ մնալ իր պարտավորություններին: Համանախագահները հարկադրված էին հիշեցնել իրենց մանդատի մասին: Կարեւոր է, որ նրանք հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու ապակառուցողական կողմին: Սակայն ոչինչ չի զսպում Ադրբեջանին»:
Կարդացեք նաև
Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ ճգնաժամը կարգավորելու եւ նոր մարտահրավերներին դիմակայելու համար կարեւոր նախապայման է երկխոսությունը. «Մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային դիրքորոշմանը: Ադրբեջանը մերժել է ոչ միայն առաջարկները, այլեւ վստահության ամրապնդմանը ուղղված քայլերը, որոնք առաջարկել են համանախագահները: Տարբեր ձեւաչափերում, երբ հակասական ձեւակերպումներ են լինում, Ադրբեջանը իր հանրությանն ասում է, որ ունի միջազգային աջակցությունը»:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը, լինելով կողմերից մեկը, երբեւէ որեւէ երկրի չի խնդրել իրեն աջակցել. «Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել եւ մնում է այն, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի միջազգային հանրության լիազորությունը, մանդատն ունեցող համանախագահներին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ