Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր տեսակամրջի ձեւաչափով Աստանայի եւ Երեւանի միացմամբ մամուլի ասուլիս էր հրավիրել Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում: Նա կարեւոր հայտարարություն արեց՝ խոսելով ԼՂՀ հակամարտության մասին
Նրա խոսքերով՝ «Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ԼՂ հիմնախնդրի լուծման շրջանակներում ստեղծվել եւ գործում են միջազգային կառույցներ, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հիմնախնդրի հետ կապված հարցերի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, եւ երկու կողմերի համար ընդունելի տարբերակների լուծման որոնմամբ: Խորապես համոզված եմ, որ այլ կառույցներ այս գործընթացին չպետք է մասնակցեն ու միջամտեն, որպեսզի խառնաշփոթ չլինի: Միջազգային հանրությունը այդ պարտականությունները հանձնել է Մինսկի խմբին: Մենք, բնականաբար, գիտենք, թե ինչ է կատարվում սահմանում, ստանում ենք փոխհրաձգությունների, հայկական կողմի զոհերի քանակի վերաբերյալ տեղեկություններ, մշակում եւ տրամադրում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ: Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, որն իրավունք ունի ստանալ իր դաշնակիցների համակողմանի աջակցությունը՝ իր տարածքում իրադարձությունների բացասական զարգացման սրման պարագայում»:
Նիկոլայ Բորդյուժան նաեւ խոսեց 2015-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ երկրների խաղաղարար ուժերի խոշոր զինավարժությունների մասին: Նա ասաց, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով: Նախատեսված են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի խոշոր մարզանքներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ