Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուխը ծածկել էր ողջ տարածքը՝ փակելով նաև արևը

Հունիս 18,2015 12:53

Հունիսի 16-ին Քաշաթաղի շրջանի հարավ-արևելյան հատվածում բռնկվել էր մեծ ծավալի հրդեհ. կրակի ճակատը ձգվում էր մի քանի կիլոմետր, իսկ բոցը բարձրանում էր մի քանի մետր: Ծուխը ծածկել էր ողջ տարածքը՝ փակելով նաև արևը:

Նախօրդ օրը՝ երեկոյան այս հատվածում միացյալ ուժերով փակեցինք կրակի ճանապարհը, որ չմոտենա մայրուղուն ու չձգվի հյուսիս: Սակայն առավոտյան նորից տագնապ հնչեց: Իշխանաձորից, որտեղ գործում է հակահրդեհային շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, շտապեցինք աղետի վայր:

Տարածքի սահմանամերձ ուղեկալի մարտիկների, Աղաձոր համայնքի ղեկավարի և բնակիչների, հրշեջների, Քաշաթաղի ՇՈԲ պետի և տեղակալի հետ սկսեցինք պայքարը: Սակայն չդադարող քամին անում էր իր սև գործը, և կրակը լափում էր չոր խոտածածկը: Բարեբախտաբար՝ այստեղ բերքահավաքը գրեթե ավարտվել է, և վառվում էին հնձած արտերն ու բլրակների, ձորակների խոտերը: Առվահան մեքենայով նաև երկկողմանի փոսեր փորվեցին, սակայն դա էլ օգուտ չտվեց, քանի որ կրակի ճակատը երկար էր:

Qashatah_hrdeh_5

Qashatah_hrdeh_3 Qashatah_hrdeh_4 Qashatah_hrdeh_2 Qashatah_hrdeh_1 Qashatah_hrdeh_7

Կեսօրին նոր ուժեր և հրշեջ մեքենաներ տեղ հասան: Շրջվարչակազմի ղեկավարի և տեղի պարետի հրահանգներով շարունակվեց հրդեհաշիջումը: Կարևոր էր, որ կրակը չանցներ դաշտամիջյան հաջորդ ճանապարհը, որի եզրով անցնում է բարձր լարման հոսանքագիծ, կան ցանքատարածքներ, իսկ քիչ հեռու մայրուղին է:

Ձեռնարկեցինք նաև կրակը՝ կրակի դեմ գործողությունը: Եվ մոտ 7-8 ժամ տևած կռիվը հրդեհ-թշնամու դեմ ավարտվեց հաջողությամբ: Կրակը տեղայնացվեց, սակայն տագնապը, որ ցանկացած անփույթ վերաբերմունք կհանգեցնի նոր աղետի, չանցավ. աչալրջություն է պետք:

Արդեն 5 օր է, ինչ Քաշաթաղի շրջանի գրեթե բոլոր համայնքներից հարյուրավոր տղամարդիկ են հասել հարավային տարածք, որպեսզի օժանդակեն բերքահավաքի անկորուստ իրականացմանը, պայքարեն կրակի դեմ, որ հնարավորինս քիչ կազմեն վնասները:

Հրդեհը, բացի ցանքատարածքներին հասնելը, մեծ վնաս է հասցնում կենդանական ու բուսական աշխարհին, սպառնում մտնել բնակավայրեր:

Արդեն հաղորդվել է նախկին օրերի հրդեհների մասին, որոնց կուլ գնացին նաև հացահատիկի մոտ 25հա արտեր Թովմասարի սարահարթում, որտեղ հրդեհաշիջման աշխատանքներին անմիջապես մասնակից ու ղեկավար էր ԼՂՀ վարչապետը: Այստեղ էին ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԿԱ Փրկարար պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Իսկ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, նրա գլխավորությամբ գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչները, գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, հրշեջ-կամավորականները, հրշեջ-ջոկերի տղաները, ոստիկանությունը մշտապես հերթապահում են ցանքատարածքներում:

Հրդեհի պատճառները շատ են, և դրանցից մեկը հողի վարձակալների անփութությունն է, որ աշխատանքներից հետո աղբ ու դատարկ շշեր չթողնեն արտերում: Հաճախ հրդեհի պատճառ հենց դրանք են դառնում՝ ավելի բորբոքելով կրակը, դժվարացնելով շիջումը:

Այժմ ցանքատարածքներում աշխատում են 40-ից ավելի կոմբայն, և մեծ թափով շարունակվում է բերքահավաքը. Հունիսի 17-ի դրությամբ հնձվել է մոտ 2000հա հացահատիկի արտ՝ 30,5ց/հա միջին բերքատվությամբ:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930