Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի որոշումը քաղաքական է. «Հայոց աշխարհ»

Հունիս 18,2015 12:47

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը նախօրեին հրապարակել է «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով դատական վճիռները` հաստատելով, որ հայցվորների՝ ղարաբաղա-ադրբեջանական ռազմական հակամարտությունից տուժած Լաչինի (Բերձորի) շրջանից փախած մի խումբ քրդերի եւ Շահումյանի շրջանից բռնագաղթած Սարգսյանների սեփականության իրավունքը խախտվել է։

ՄԻԵԴ-ը երկու դեպքում էլ բավարարել է ներկայացված պահանջները՝ համապատասխանաբար, ԼՂ տարածքը չվերահսկող, բայց Ղարաբաղի նկատմամբ «որոշիչ ազդեցություն» ունեցող Հայաստանին եւ Ադրբեջանին պարտավորեցրել է քայլեր ձեռնարկել այդ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։
Ընդ որում՝ դատավճռի կատարումը 12 ամսով հետաձգվել է, այն ակնկալիքով, որ այդ ընթացքում կողմերը համաձայնության կգան փոխհատուցման չափի եւ հարակից այլ հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ Չիրագովը եւ մյուսները որպես փոխահատուցում նշել են 7,9 միլիոն եվրո, Սարգսյանները՝ ընդամենը 570 հազար եվրո:

Եվրոպական դատարանն ինչո՞ւ հենց հիմա որոշեց լուծում տալ 10-ամյա վաղեմության սույն դատական թնջուկին։ Ընդունված որոշումն իրավակա՞ն է, թե՞ ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ, ինչպե՞ս կարող է ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Կարծիքները տարբեր են, անգամ՝ իրարամերժ։

ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ, օրինակ, կասկած չունի, որ ՄԻԵԴ-ը զուտ քաղաքական որոշում է կայացրել.

-Եթե Եվրոպական դատարանը, այսքան տարի ձգձգելուց հետո, հանկարծ հիշել է այդ գործերի մասին, այն էլ՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, դրա հետեւում այլ բան չես էլ կարող տեսնել։ Ցանկացած մեկը՝ քաղաքական գործիչ թե իրավաբան, որ կփորձի այս որոշումը դիտարկել բացառապես իրավական հարթության վրա, առնվազն անկեղծ չի լինի։

Մենք լավ գիտենք, թե ինչպես են ընդունվում նմանատիպ որոշումները՝ օրենքները, օրենսդրական ակտերը, ընթացակարգերը եւ պատճառահետեւանքային կապերը հարմարեցնելով «պատվիրատուի» շահերին։ Սա 100 տոկոսանոց քաղաքականություն է, 0 տոկոս իրավագիտություն՝ բովանդակությամբ քաղաքական, ձեւով՝ իրավական որոշում է։

Ի՞նչ է, ՄԻԵԴ դատավորներն իրենք չե՞ն հասկանում, թե ինչ նախադեպ են ստեղծում՝ բացելով Պանդորայի այս արկղը, ինչ կրակի հետ են խաղում՝ հրաշալի իմանալով, որ Ղարաբաղյան հակամարտությունը «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» վիճակում է։

Այս իրավիճակում նման որոշում կայացնելով՝ կարծում եմ, ուղղակի փորձում են ճնշում գործադրել հայկական կողմի նկատմամբ եւ իրականություն դարձնել «ի վերուստ» իջեցված քաղաքական պատվերը։ Բայց մի պահ պատկերացնենք՝ ինչ կարող է լինել, եթե հակամարտության հետեւանքով իրենց բնակավայրերից տեղահանված հարյուր հազարավոր մարդիկ որոշեն օգտվել այս նախադեպից։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930