Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են մանկապարտեզներում սուր աղիքային վարակների դեպքերը, դրանց հնարավոր պատճառները

Հունիս 18,2015 12:28

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին վերջին շրջանում հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում սուր աղիքային վարակների դեպքերը, դրանց հնարավոր պատճառները։

Այնուհետև ներկայացվեցին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մարզերում և Երևանում գործող նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատություններում իրականացված գույքագրման արդյունքները։ Նաև հաշվարկվել է, թե ֆինանսական որքան միջոցներ են անհրաժեշտ այդ հաստատությունների խոհանոցների և սանհանգույցների վիճակը բարելավելու, անհրաժեշտ գույքով հագեցնելու համար։

Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի 2002 դեկտեմբերի 20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 857 hրամանով և 2013 թվականի օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» 42-Ն հրամանով սահմանվել են սննդի կազմակերպման, որակի, պահպանման, պատրաստման, առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը։

Նախադպրոցական հիմնարկների խոհանոցների բարելավումը կնպաստի պահանջվող նորմատիվների ապահովմանը։ Կարևորվեց ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատություններում, այնպես էլ ընտանիքներում այդ նորմերի ապահովումը։

Թեև հսկողությունն առողջապահության նախարարության իրավասության շրջանակում չէ, սակայն նախադպրոցական ուսումնական հաստատություններում առաջացող խնդիրների հետևանքներին այս համակարգն է առնչվում։

Քննարկվեց նաև Համահայկական ամառային 6-րդ խաղերի  մարզիկների և մասնակիցների բժշկական օգնությունը բարձր մակարդակով կազմակերպելուն վերաբերող հարցեր։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բոլոր մարզադաշտերում, մարզասրահներում շտապ բժշկական օգնության ծառայություններ կապահովվեն։ Հաշվի առնելով սպորտային վնասվածքների առաջացման հավանականությունը` կհերթապահեն նաև օրթոպեդ-վնասվածքաբաններ։

«Համապետական նշանակության միջոցառումների ժամանակ, հատկապես մեծաթիվ հյուրերի առկայության պայմաններում, մեր համակարգն արդեն բարձր պատրաստվածություն ապահովելու փորձ ունի»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Նա հավելեց, որ այդ օրերին կուժեղացվի հիվանդանոցների ընդունարանների, վիրահատական ու վերակենդանացման բաժանմունքների պատրաստվածությունը։ Ուժեղացված ռեժիմով կաշխատեն նաև պոլիկլինիկաները, որոնք անհրաժեշտության դեպքում ծառայություններ կմատուցեն նաև հյուրանոցների բնակիչներին։

Բժշկական ծառայություններն արագ կազմակերպելու համար Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերին կցվել են մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկան, ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը։

Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930