Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը փոխարտգործնախարարին՝ ինչո՞ւ պետք է արձագանքը նիստին հնչի, հաճո՞ւյք եք ստանում դրանից

Հունիս 18,2015 12:12

Այսօր կառավարության նիստում արտաքին գործերի նախարարության ներկայացրած «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու մասին հարցի քննարկումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի կողմից բուռն արձագանքի արժանացավ:

Հարցը ներկայացնում էր արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը: Նա որոշման ընդունումը հիմնավորեց այսպես. «Կանանց լիիրավ եւ հավասար մասնակցությունը քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքում, ինչպես նաեւ սեռի հիմքով խտրականության բոլոր ձեւերի վերացումը կենսական նշանակություն ունի մարդկանց առաջընթացի եւ կայուն զարգացման համար»:

Փոխնախարարն ընդգծեց, որ այս հարցն ընդգրկված է կառավարության կարեւոր միջոցառումների ցանկում եւ հավանության է արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Ասաց նաեւ, որ ծրագրի արժեքը 24 հազար դոլար է: Սերգեյ Մանասարյանը նշեց, որ համապատասխան օրենսդրական եւ ինստիտուցիոնալ միջոցառումներ են ձեռնարկվել կառավարության կողմից՝ բարելավելու կանանց կարգավիճակը հասարակության մեջ եւ վերացնելու խտրականության բոլոր ձեւերը, որոնք կարող են բերել տղամարդկանց եւ կանանց միջեւ անհավասարության ու խտրականության: Ըստ փոխնախարարի, չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ գենդերային խտրականությունը, ընտանեկան բռնությունն ու իրազեկության ցածր մակարդակը դեռեւս առկա են: Այս ծրագրի շնորհվ, նրա խոսքերով, կկոտրվեն գենդերի վերաբերյալ առկա կարծրատիպերը եւ կհստակեցվի այդ հասկացության իմաստը:

Vigen-Sargsyan2

Փոխնախարարի այս ելույթը գրեթե զայրացրեց Վիգեն Սարգսյանին, որը դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ ասաց. «Պարոն վարչապետ, ես զարմացած եմ, որ մենք նորից գալիս ենք այն քննարկմանը, որն արդեն եղել է: Խոսքը կանանց եւ տղամարդկանց սեռը գենդերով փոխարինելու անընդհատ ջանքերի մասին է»:

Ապա պարոն Սարգսյանն ավելացրեց, որ անընդհատ ջանքեր են գործադրվում օրենսդրությունում ենթաօրենսդրական ակտերում մտցնել «գենդեր» բառը: «Հիմնավորումը ուղղակի սպանում է, գրված է, որ երիտասարդության շրջանում կա գենդեր հասկացության սխալ մեկնաբանություն: Այնինչ, գենդեր բառը կա բոլոր բառարաններում: Դա սոցիալական սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց ու կանանց հավասարությունը»,-ասաց պարոն Սարգսյանը: Նրա խոսքերով, արտգործնախարարությունն ուզում է կանանց եւ տղամարդկանց հավասարության ծրագիր անել, «այդպես էլ թող անի, ի՞նչ գենդեր»: Վարչապետն, այս դիտարկումներին ի պատասխան, Սերգեյ Մանասարյանին ուզեց լսել: Փոխարտգործնախարարն այսպես արձագանքեց. «Երեկ քննարկումները եղել են, սպասում էինք արձագանքին, որը պետք է լինի կառավարության նիստում»:

«Բա ինչի՞ պետք է կառավարության նիստում արձագանքը հնչի, այ ես դա չեմ հասկանում, հաճո՞ւյք եք ստանում դրանից»,- զարմացած հարցրեց վարչապետը՝ հանձնարարելով խմբագրել ծրագիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930