Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գևորգյանց. «Ինձ համար, անկեղծ ասած, կինոն վաղուց մեռել է, կինո չկա». «168 ժամ»

Հունիս 18,2015 11:58

Հատված Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Կինոյի մասին օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդամ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հետ հարցազրույցից:

– Հիմա, ուզենք թե չուզենք, պետք է համաձայնենք, որ Հայաստանում կինոյի վրա ներդրվող գումարի չափը մեծացել է։

– Անփոփոխ է մնացել միայն բուն կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը։ Ոնց եղել է 20 տարի առաջ, նույն կերպ շարունակվում է հիմա՝ տարեկան կտրվածքով մոտ 1 մլն դոլար ողջ կինոպրոդուկցիայի զարգացման համար՝ խաղարկային, դոկումենտալ, անիմացիա։

– Յուրաքանչյուր ֆիլմի նկարահանման համար այդքան գումարը բավարար չէ։

– Ծիծաղելի գումար է։

– Ո՞վ է որոշում այդ գումարի չափը։

– Կառավարությունը, հո մե՞նք չենք որոշում։ Բայց դա չի նշանակում, որ եթե հիմա ինչ-որ տեղից մեծ ֆինանսավորումներ լինեն, ֆիլմերն ավելի լավը կդառնան։ Մենք պետք է նայենք՝ ո՞վ ունենք, ի՞նչ ունենք։

– Իսկ ո՞վ ունենք, ի՞նչ ունենք։

– Գիտե՞ք, հիմա եկել է, պայմանական ասենք, 40-30 տարեկանների մի սերունդ, ովքեր ֆիլմեր են նկարում։ Ինձ համար, անկեղծ ասած, կինոն վաղուց մեռել է, կինո չկա, կան ֆիլմեր։ Դրանք տարբեր բաներ են։ Էդ ֆիլմերի մեծ մասն էլ նկարվում է զվարճանքի համար՝վայ, ինչ լավն ա, ինչ լավ ծիծաղեցինք, ու վերջ… բարի, լավ զվարճանալու ֆիլմեր են. «Շարմն» է անում հիմնականում, բայց դա կինո չի, կրկես է: Ուրիշ հարց, որ դա էլ է պետք, բան չունեմ ասելու։

– Բայց եթե դա դառնում է դոմինանտ, այստեղ վտանգ չկա՞։

– Աշխարհում արվեստները մեռնում են, համընդհանուր դեգրադացիա է գնում, չկան անհատներ, որ նոր բան կբերեն, ասելու նոր բան չկա։ Օրինակ, չկա Մալևիչ, որ մի նոր «Սև քառակուսի» կնկարի, կնայես ու այնտեղ նոր բան կգտնես։

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930