Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ հանդիպման ընթացքում Շանթ Հարությունյանն իրեն ասել է, որ հանդիպում է խնդրել ՀՀ պաշտպանության նախարարից ու ոստիկանապետից՝ նրանց հետ անվտանգության հարցերի շուրջ խոսելու համար։ Ընդ որում՝ Շանթ Հարությունյանն ընդգծել է, որ խոսքն անձնական խոսակցության մասին չէ:
Հարցին, թե ծանո՞թ է նամակի բովանդակությանը, փաստաբանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ բովանդակությանը ծանոթ չեմ, ինձ Շանթը միայն տեղեկացրեց, որ նրանց հետ հանդիպում է խնդրել ասելով, որ անվտանգության հետ կապված հարցեր կան։ Նա դիմումը նախօրեին ուղարկել է ՔԿՀ-ի ադմինիստրացիային։ Վարդան Վարդանյանը եւ Շանթ Հարությունյանը անժամկետ հացադուլ են սկսել։ Ես, բնականաբար, հորդորեցի, որ իրենք դադարեցնեն հացադուլը, որովհետեւ Շանթը հունիսի 8-ից գտնվում է հացադուլի մեջ եւ արդեն հյուծված է, իսկ Վարդան Վարդանյանը (նա հացադուլը սկսել է հունիսի 12–ից, -հեղ.), տեղեկացա, հիվանդ է եղել, հիմա, ներկա դրությամբ համեմատաբար լավ է զգում իրեն։ Երկուսի մոտ էլ թուլություն եւ հյուծվածություն է, Վարդան Վարդանյանը, սակայն, հրաժարվել է բուժօգնությունից»:
Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանն էլ ասաց, որ վստահ է՝ եթե Շանթը հիմնավոր պատճառներ չունենար, նման հայտարարությամբ հանդես չէր գա։ «Եթե ցանկացած դատապարտյալ կամ կալանավոր նման հայտարարություն է անում, ապա անպայման պետք է ընթացք տրվի այդ հայտարարությանը։ Շանթը մի քանի անգամ նման
հայտարարություններով հանդես եկել է, սակայն ոչ մի ընթացք չի տրվել եւ չեն էլ հետաքրքրվել, թե ինչու է անձը նման հայտարարություն անում՝ մեղադրելով ինչ-որ մարդկանց»,- ասաց Բադալյանը:
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում