Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես ցրել կասկածները

Հունիս 18,2015 10:08

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը կարծես թե մի քիչ «կռված են»: Վերջինս ջղային նամակ է ուղարկել Նազարյանին, որի իմաստն այն է, որ եթե հանկարծ էլեկտրաէներգիան չթանկանա 17 դրամով, ինչպես որ ինքն է պահանջում, նա` Բիբինը, ընդհանրապես մեր բոլորի լույսերը կանջատի: Որովհետեւ, ըստ ՀԷՑ-ի տնօրենի, հայտում ներկայացված իր բոլոր թվերն ավելի քան հիմնավոր են: Նազարյանն էլ հանձնաժողովի երեկվա նիստում, որի ժամանակ որոշվեց էլեկտրաէներգիան թանկացնել շուրջ 7 դրամով, Բիբինի այդ մոտեցումն անվանեց «շանտաժ»:

Քանի որ մենք՝ հայաստանցիներս, բավականին կասկածամիտ ենք դարձել, շատերիս մոտ, հավանաբար, ենթադրություն է ծնվում, որ այդ ամենը խաղ է: Որ Բիբինի ուզածը հենց 7 դրամն է, եւ նա շատ էլ գոհ է այսօրվա որոշումից: Պարզապես ձեւ է անում, որ ջղայնանում է, որպեսզի բարձրացնի այդ հանձնաժողովի եւ ընդհանրապես մեր իշխանությունների վարկանիշը` իբր տեսեք, թե ինչպիսի «հակամարտությունների» մեջ է այդ նոր սակագինը ծնվել:

Իհարկե, դրանք ենթադրություններ են, եւ իշխանությունը այդ կասկածները հերքելու շատ հեշտ ձեւ ունի: ՀԷՑ-ի հայտը հրապարակվել է առաջին անգամ: Ի՞նչն է Նազարյանի հանձնաժողովին խանգարում հրապարակել նաեւ նախորդ հայտերը եւ այն հաշվարկները, որոնց հիման վրա էլեկտրաէներգիան արդեն մի քանի անգամ թանկացել է: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք արդեն մի քանի անգամ վճարել ենք այն «կետերով», որոնցով հիմնավորվում էր թանկացման մասին որոշումը: «Հին հայտերը» հրապարակելու դեպքում անկախ, չքաղաքականացված մասնագետներն իրենց եզրակացությունը կտան, թե որքանով է այդ տպավորությունը ճիշտ:

Եթե իշխանությունը ՀԷՑ-ի հետ «խաղերի մեջ» չի, ապա Հայաստանի իրավապահ մարմինները կստուգեն, թե որտեղ են կորել այն ներդրումները, որոնք այդ ընկերությունն իբր արել է, որքանով են հիմնավորված այդ ընկերության` տարածքների եւ մեքենաների վարձակալության ծախսերը, որոնք արտացոլվել եւ հրապարակվել են վերջին հայտում: Կամ, օրինակ, ինչպես է պատահել, որ ՀԷՑ-ի բեռնատարները երեք օրը մեկ վերանորոգվել են Աբովյան քաղաքում միեւնույն անհատ ձեռներեցի մոտ, ինչն ընկերության վրա, ըստ փաստաթղթի, նստել է տարվա կտրվածքով 57 միլիոն դրամ (տնտեսագետ Արտակ Մանուկյանի տվյալներն են): Ի՞նչ է, ոսկեջրո՞ւմ էին այդ «Կամազները»:
Ազգային ժողովն էլ իր հերթին պետք է օրենք ընդունի` ընդհանրապես էներգետիկայի խնդիրներն ավելի հստակ կարգավորելու համար:

Եթե այդ բոլոր քայլերն արվեն, ապա կցրվեն մեր կասկածներն առ այն, որ ՀԷՑ-ի եւ պետական մարմինների միջեւ «խոսացած խաղ» է գնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Իմ կարծիքով հրապարակային շանտաժի տակ թաքնված է “նամյոկ”, առ այն, որ անհիմն ծախս որոկված ատկատներն այլևս չեն լինի կամ համենայն դեպս կնվազեն ուղիղ համեմատակն այն չափին ինչ չափով չհիմնավորվեց և չավելացվեց սակագինը, իսկ եթե պիտի մնան նույն ծավալով ուրեմն, կա պահանջ այլ տարբերակ գտնել “ծախսերը” փոխհատուցելու, օրինակ հարկային փոփոխություններ, ինչի մասին շատ են սկսել տարբեր անբիոններից խոսել և որն շատ ավելի վտանգավոր է, քան թե ասենք շարքային սպառողի (ոչ արտադրողի) համար 7-ից ավել թանկանար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930