Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Հունիս 18,2015 15:30

Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան
Ամանդա Փոլի կարծիքով` դա կարվի այնքան ժամանակ, որքան Ադրբեջանը
լծակներ կունենա ազդեցություն ունենալու Թուրքիայի վրա:

– Տիկին Փոլ, կանխատեսումներ են հնչում, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակից, ինչպես նաեւ հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նոր հնարավորություններ կարող են բացվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, շփումների համար: Նման հնարավորություններ տեսնո՞ւմ եք:

– Եթե հետադարձ հայացք գցենք պատմությանը, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշտապես հարաբերություններ եղել են: Հուսով եմ, որ ապագայում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կլավանան, բայց դժվարանում եմ ասել՝ դա կլինի հասարակությունների՞, թե՞ դիվանագիտական հարաբերություններով: Բայց, այնուամենայնիվ, դա չի հասնի Ցեղասպանության ճանաչմանը: Շատ բան նաեւ կախված է նրանից, թե Թուրքիայի նոր կառավարությունն ինչ դիրքորոշում կունենա, նոր կառավարությունը կառավարման ինչ ձեւ է ընտրելու, մասնավորապես` շարունակե՞լ այս վիճակում պահել իրավիճակը, թե՞ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Չափազանց դրական է տեսնել հայ եւ թուրք քաղաքացիական հասարակությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, մնում է, որ քաղաքացիական հասարակության հարաբերությունները տրանսֆորմացվեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական վերնախավերի մակարդակով:

– Որքանո՞վ է Ղարաբաղյան խնդիրը, Ձեր կարծիքով, խոչընդոտում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Երբեմն տպավորություն ենք ստանում, որ Թուրքիայի իշխանությունները Ադրբեջանից կարծես կախյալ վիճակում են այս հարցում:

– Բնականաբար, Ադրբեջանը կշարունակի իր վարած քաղաքականությունը, կպահպանի իր դիրքորոշումը, որպեսզի թույլ չտա, որ Թուրքիան կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները չբացվեն` մինչեւ չվերադարձվեն գրավյալ տարածքները: Այնքան ժամանակ, որքան Ադրբեջանը լծակներ ունի որոշակի ազդեցություն ունենալու Թուրքիայի վրա, մշտապես խոչընդոտելու է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:

– Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, Ադրբեջանի արտաքին քաղաքականության վեկտորն էլ կարծես վերջին շրջանում փոխվել է դեպի Ռուսաստան: Ռուսաստանի դերի մեծացումը մեր տարածաշրջանում, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն է ունենում տարածաշրջանային զարգացումների վրա:

– Բնական էր, որ Հայաստանը որոշակի ինքնիշխանության կորուստ ունեցավ` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Այս առումով քաղաքական, տնտեսական խնդիրների «ամպեր» կուտակվեցին Հայաստանի գլխին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա Ռուսաստանի համար չափազանց կարեւոր երկիր է, եւ բնական է, որ Ռուսաստանը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ ու պահպանել Ադրբեջանի հետ: Ռուսաստանն աշխատում է երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունենալ` ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի: Եվ բնական է, որ երկու պետություններն էլ վախենում են Ռուսաստանից: Սակայն Ադրբեջանը երբեք չի միանա Եվրասիական տնտեսական միությանը, որովհետեւ Ադրբեջանը թեեւ վախեցած է, բայց հիմար չէ, եւ երբեք իր ինքնիշխանությունը չի վտանգի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով: Ինչ էլ Ռուսաստանն առաջարկի Ադրբեջանին, Ադրբեջանն իր ինքնիշխանությունը չի վտանգի:

– Բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում ներկայումս, ավելի են ջերմանում, մասնավորապես դիտարկման է արժանի, օրինակ, ռազմական համագործակցությունը:

– Ռազմական համագործակցության ոլորտը ներառում է այն, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, սակայն Ադրբեջանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնել կամ քաղաքական ու տնտեսական առումով ինտեգրվել Ռուսաստանին: Ադրբեջանն առավելապես հետաքրքրված է իր տնտեսական հարաբերությունները խորացնել Արեւմուտքի, Վրաստանի, Իրանի հետ, բայց ոչ թե Ռուսաստանի հետ, որովհետեւ ինչ մակարդակի հարաբերություններ էլ ունենա Ռուսաստանի հետ, Ռուսաստանը մշտապես ինչ-որ առումով ձգտում է օգտագործել իր ձեռք բերած հնարավորությունները, ազդեցություն ունենալ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930