Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ի ուսումնասիրությունը տնտեսագետը կասկածի տակ է առնում

Հունիս 18,2015 15:00

Համաշխարհային բանկի փորձագետները, ուսումնասիրելով մեր երկրի էլեկտրաէներգետիկ ոլորտը, հանգել են այն եզրակացության, որ առաջիկա 10 տարիներին Հայաստանում, այսպես ասած, էներգետիկ ռեսուրսների սով է լինելու: Չնայած Համաշխարհային բանկը (ՀԲ) նշում է, որ այս երեւույթը կլինի, եթե մենք նոր էլեկտրակայաններ չկառուցենք:

«Առավոտի» հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ նկատում է՝ ՀԲ-ն ի՞նչ հաշվարկների հիման վրա է նման եզրահանգման եկել. արդյոք Հայաստանի բնակչության թի՞վն է այնքան է ավելանալու, որ էլեկտրաէներգիայի պահանջարկը կրկնակի ավելանալու է, կամ՝ տնտեսությունը, մասնավորապես արդյունաբերությո՞ւնն է այնքան զարգանալու, որ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի կարիք է լինելու, թե՞ ամեն տարի այնպիսի սակավաջրություն է լինելու, որ ներկայիս էներգետիկ ռեսուրսները չեն հասցնելու ապահովել պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալը:

Երեկ ՀԲ-ն հրապարակել է «Հայաստանի էներգետիկ ոլորտի քաղաքականության վերաբերյալ ծանոթագրությունը», որտեղ ներկայացնում է էներգետիկ ոլորտի իրավիճակն ու լուծումներ առաջարկում: Մանուկյանը ծանոթանալով այդ զեկույցին՝ ասում է. «Նման կարգի գնահատումն ուղղված է ՀՀ կառավարությանը, որովհետեւ, ի վերջո, չմոռանանք, որ այն բանկ է, ոչ թե բարեգործական հիմնադրամ, եւ Համաշխարհային բանկը նպատակ ունի իր այդ ապրանքը վաճառել մեր կառավարությանը»:

Ինչ վերաբերում է ՀԲ-ի՝ մեր կառավարությանն ուղղված խորհուրդներին, ապա դրանցից մեկը վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ին: ՀԲ-ն, մասնավորապես, գրում է. «Հրազդանի ՋԷԿ-ը պետք է շարունակի համակարգում ամենաթանկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ պակասորդից խուսափելու նպատակով, որովհետեւ նոր, ավելի ցածր ինքնարժեքով ՀՑԳՏ-ն (համակցված ցիկլով գազատուրբին – Ն. Բ.) չի կարող իրատեսականորեն շահագործման հանձնվել 2020 թվականից շուտ, Մեծամորի ԱԷԿ-ը պլանավորված է մեկ տարով կանգնեցնել 2016 թ.-ին»:

«Նման բաներ գրելը քննադատելի է»,- ասում է Արտակ Մանուկյանը: Նրա խոսքերով՝ թանկ էլեկտրաէներգիա արտադրելու համար 2 գործոն կա, մեկը՝ միջուկային վառելիքի գներն են, որոնք դոլարով են, եւ այս տարի այդ վառելիքը թանկացել է համեմատաբար, քանի որ այս տարի դոլարն արժեւորվել է դրամի համեմատ, բայց կա այլ գործոն էլ. «Մի կոմպոնենտը կարող է ծախսային կառուցվածքի մեջ լինել թանկ, բայց մնացած կոմպոնենտների հաշվին արտադրողականության աճ գրանցվի: Այսինքն՝ ո՞վ է ասում, որ Հրազդանի ՋԷԿ-ը պետք է մշտապես թանկ էլեկտրաէներգիա արտադրի: Այո, ներկայումս ամենաթանկն է, բայց մշտապես այդպես չպիտի լինի: Օրինակ՝ հնարավոր է ներքին արտադրողականության բարելավման ուղղություններ գտնենք, ինչպես որ գտանք ՀԷՑ-ի ծախսերի դեպքում: Եվ դրանց հաշվին հնարավոր է այն խաղացողների մեջ լինի ամենաթանկը, բայց չլինի այնքան թանկ, ինչպես ներկայիս ինքնարժեքն է»:

Տնտեսագետն ասում է, որ Հրազդանի ՋԷԿ-ի տեսակարար կշիռը ոլորտում շատ ցածր է, եւ եթե էներգետիկ բալանսում այս աղբյուրը շատ թանկ է, ապա մյուսները՝ ատոմակայանը, Որոտան ՀԷԿ-երի համալիրը, այլ ՀԷԿ-երը, էժան են արտադրում, այսինքն՝ Հրազդանի ՋԷԿ-ի սակագնի անդրադարձն ընդհանուրի մեջ էական չէ, այդ իսկ պատճառով էլ սպառողի համար չպետք է թանկացվի հոսանքը:

Մանուկյանը չի բացառում, որ Հրազդան ՋԷԿ-ի հաշվետվություններն էլ ուսումնասիրելուց հետո բազմաթիվ ուռճացված ծախսեր հայտնաբերվեն, եւ պարզվի, որ իր արտադրած էլեկտրաէներգիան ոչ թե մոտ 60 դրամ է, այլ, ասենք, 15-20 դրամ: Մանուկյանը հիշեցնում է, որ Հրազդան ՋԷԿ-ն էլ, ինչպես որ ՀԷՑ-ն է, նույն ռուսական ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ խմբի սեփականությունն է, եւ փաստորեն, նույն խմբի ընկերություններն իրարից ապրանք են գնել, եւ եթե այն թանկ էլ է, ապա միեւնույն է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այն թույլատրելի է համարել, ու ի վերջո այդ թանկ էլեկտրաէներգիայի ծախսերը էլի հայ սպառողների հաշվին են փակվում:

ՀԲ-ն իր ուսումնասիրությամբ պարզել է. «Էլեկտրահաղորդման ակտիվների վատ վիճակն ու տարիքը հուսալիության սպառնալիք է: Շատ էլեկտրահաղորդման գծեր եւ ենթակայաններ ունեն անջատումների մեծ հաճախականություն»: Այս առումով էլ Մանուկյանը հակասություններ է նկատում ՀԲ-ի եւ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությունների միջեւ. «Ես ՀԲ զեկույցները կարդացել եմ, իրենք ասում են՝ 50 տարվա է էներգետիկ ցանցերի վաղեմությունը: Եվ ես լսում եմ Նազարյանին, որն ասում է՝ ՀԷՑ-ը 2007-ից ներդրումներ է արել էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ուղղությամբ՝ 220 միլիարդ դրամի, որից 22 միլիարդը չի ճանաչել հանձնաժողովը, ու նույն Նազարյանն ասում է՝ մենք դիտարկումներ ենք արել՝ ՀԷՑ-ի անջատումները զգալիորեն նվազել են այդ ներդրումների արդյունքում: Հիմա՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀԲ-ն ուսումնասիրել ու կասկածի տակ է դրել Ռոբերտ Նազարյանի ասածները»:
«Սակագների մատչելիությունը դարձել է լուրջ խնդիր: Էներգիայի աճող սակագների պատճառով դրանց վրա ծախսվող գումարները կազմում են տնային տնտեսությունների բյուջեի 10%-ը»,- գրված է ՀԲ զեկույցում: Այսինքն, ըստ ՀԲ-ի, սա միջազգային պրակտիկայում համարվում է էներգետիկ աղքատություն. տնային տնտեսությունները չեն կարող իրենց թույլ տալ սպառել էլեկտրաէներգիայի իրենց անհրաժեշտ քանակությունը: ՀԲ-ն կառավարությանը խորհուրդ է տալիս ցուցաբերել նպատակային սոցիալական աջակցություն խոցելի խմբերի վրա ազդեցությունը մեղմելու համար:

Մանուկյանն այս առնչությամբ կարծում է, որ խոցելի խմբերի վրա ազդեցությունը մեղմելը կրկին հարկատուների հաշվին է լինելու: Ըստ տնտեսագետի՝ կառավարությունը հաշվարկել է, որ հոսանքի թանկացումն այդ խոցելի խմբերի համար 1000 դրամով է ազդելու, քանի որ ամսական 200 կ/վատտ հոսանք են ծախսում, այդ 1000 դրամը կառավարությունը փոխհատուցում է. «Բայց այդ գումարը «եղանակ չի փոխում», որովհետեւ էլեկտրաէներգիայի թանկացումից շղթայական մյուս ապրանքներն են թանկանալու, ու այդ խոցելի խմբերի համար խնդիրը չի լուծվում, այդ սոցանապահով խումբն էլի է աղքատանալու»:

Մանուկյանն ասում է՝ լավ կլինի ՀԷՑ-ի կորուստները նվազեցվեն. «Այսինքն՝ ՀԷՑ-ի 12.4% տեխնոլոգիական եւ 3% առեւտրային կորուստներն են: Աշխարհում 5% է այդ կորուստը, եթե հանձնաժողովը պարտադրի նվազեցնել ճիշտ ներդրումների հաշվին, եւ կորուստները հասցվեն 5-ի%, ապա այն վերացրած 7%-ի հաշվին սակագինը բավականին կնվազի: Միջազգային ցուցանիշով՝ ամսական միջին աշխատավարձով քանի կ/վատտ հոսանք կարող է մարդը ձեռք բերել, Հայաստանն այս ցուցանիշով վերջից 5-րդն է, եւ եթե հոսանքը թանկացվի, մենք Մոլդովայից հետո ամենաթանկ երկիրը կլինենք»:

Համաշխարհային բանկն, ըստ իր զեկույցի, պարզել է, որ վերջին էներգահամակարգի ոլորտի կառավարումը վատթարանում է. վերջին տարիներին սակագները գտնվել են ծախսածածկման մակարդակից ցածր: Արտակ Մանուկյանը ՀԲ-ի այս գնահատականի հետ էլ համամիտ չէ, տնտեսագետը վստահեցնում է, որ գրեթե բոլոր արտադրող կայանները շահույթով են աշխատել. «Նույն Հրազդան ՋԷԿ-ը, Մեծամորի ատոմակայանը, Որոտանը եւ այլք, շահույթով են աշխատել: Եթե իրենք ոլորտ ասելով՝ ՀԷՑ-ն են հասկանում, ապա, այո, կառավարումը վատթարացել է, վնասներ է կրել, բայց մյուսները օգուտով են աշխատել»:
Ի վերջո, Համաշխարհային բանկը խորհուրդ է տալիս կառուցել ՀԷԿ-եր, օրինակ՝ Լոռի-Բերդը, Շնողը, որոնք մինչեւ այս զեկուցն էլ մի շարք տնտեսագետներ տարիներ շարունակ խորհուրդ են տալիս: Բացի այս, ՀԲ-ն նաեւ նշում է. «Բավարար եւ հուսալի էներգամատակարարում ապահովելու համար մինչեւ 2020թ.-ը անհրաժեշտ է կառուցել նոր ջերմային էլեկտրակայան:

Նոր կայանի ամբողջությամբ պետական ֆինանսավորումն իրատեսական չէ պետական պարտքի բեռի տեսանկյունից, քանի որ նոր կայանի համար պահանջվող կապիտալ ներդրումները գնահատվում են 550 մլն դոլար: Լիովին մասնավոր ֆինանսավորումն իրատեսական չէ` հաշվի առնելով ռիսկերը»:

Արտակ Մանուկյանը հիշեցնում է, որ ճապոնական կողմը 400 միլիոն դոլարի վարկ էր տալիս Երեւանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի գործարկման համար, սակայն այդ ծրագիրն անհայտ պատճառներով չիրականացվեց:

Մանուկյանը գտնում է, որ եթե կառավարությունը մտքին դնի, նոր ՋԷԿ-ի համար գումար կգտնի: Օրինակ՝ տնտեսագետն առաջարկում է, ինչպես որ միջազգային պրակտիկայում է ընդունված, մասնավոր եւ հանրային հատված համագործակցությամբ հիմնադրամներ ստեղծել. այ, հենց այստեղ կարելի է նաեւ մեր սփյուռքի ներդրումները գրավել. «Պետությունը կարող է պարտատոմսեր թողարկել այդ ՋԷԿ-ի կառուցման նպատակով: Բացի այս, ըստ օրենքի՝ ՀԷԿ-երից պետությունը պետտուրքերի տեսքով բավականին մեծ գումարներ է ստանում, լավ կլինի՝ այդ տուրքերից գոյացած գումարի մի մասն ուղղեն էներգետիկ ռազմավարությանը, հիմնադրամում դրվեն, որպեսզի պետությունը փող ունենա ու էներգահամակարգի կառուցման մեջ ներդնի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930