Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեգործությամբ զբաղվողները դեմ են արտոնագրային 35 հազար վճարին

Հունիս 18,2015 14:30

Ոսկերչությամբ զբաղվողները դժգոհ են կառավարության որոշումից, ըստ որի՝ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին: Չնայած կառավարությունը եւ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել են, որ այս որոշումը նպատակ ունի օժանդակել ոսկեգործությանը, այնուամենայնիվ, ոսկու առեւտրով զբաղվողները գտնում են, որ կառավարությունը իրենց վիճակն էլ ավելի է բարդացնում: Հիշեցնենք, որ ըստ կառավարության որոշման՝ մինչեւ 70 սմ սեղանիկները պետք է վճարեն ամիսը 35 հազար դրամ հաստատագրված վճար, իսկ եթե այդ սահմանը անցնի, ապա յուրաքանչյուր 0,1 գծամետրի համար պիտի վճարի 5000 դրամ: Մարզերում այս թիվն ավելի պակաս է: Երեկ Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության նախագահ Ստեփան Ասլանյանն ասաց, որ թեեւ կառավարությունում էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը վստահեցրել է, որ ՓՄՁ-ների հետ քննարկում է եղել, եւ մեծամասնությունը համաձայնվել է այս նախագծին, իրականում համաձայնություն չի եղել. «Սեփական օրենքը բերեց փաթաթեց ժողովրդի վզին ու գնաց ասեց՝ համաձայն ենք»: Ս. Ասլանյանի խոսքերով՝ «Այս 35 հազարն էլ ոսկու առեւտրով զբաղվողների համար մեծ գումար է, քանի որ առանց այն էլ բոլորի վիճակը վատ է, առեւտուր չկա, մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում»: «Առավոտի» այն հարցին, թե որքա՞ն է այսօր իրենց շրջանառության իրական ծավալը, եւ ի՞նչ պայմաններով են իրենք ուզում աշխատել, Ասլանյանն ասաց, որ իրենք ուզում են առանց փաստաթղթավորման վճարել ամեն մեկն իր շրջանառության ծավալի 1%-ի չափով: Իսկ այն, որ նոր նախագծով հաշվարկել են 3,5 մլն դրամի 1%-ի չափով պիտի վճարվի արտոնագրային հարկը՝ սխալ է: Ասլանյանի վստահեցմամբ՝ այսօր 3,5 մլն դրամի շրջանառություն գրեթե ոչ ոք չունի:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Ոսկերչությամբ զբաղվողների միավորում» հ/կ-ի նախագահ Արմեն Բաբայանն էլ ասաց, որ այս օրենքը ձեռնտու չէ ոսկու շուկաներում աշխատողների համար: Ասուլիսին ներկա էր նաեւ անհատ ձեռներեց Միսակ Մայիլյանը, որը նշեց, թե նույն չափի սեղանիկների համար հաստատագրված վճարը ճիշտ մոտեցում չէ, քանի որ այդ նույն 70 սմ-անոց սեղանիկի վրա մի ձեռներեցը կարող է վաճառել ադամանդե քարերով թանկարժեք զարդեր, իսկ մեկ ուրիշը՝ կրկին նույն չափի սեղանիկի վրա, մի քանի անգամ էժան ապրանքներ: «Առավոտը» հետաքրքրվեց՝ մի՞թե ոսկյա զարդերի վաճառքով զբաղվողների ամսական շրջանառությունը 3,5 մլն-ի չի հասնում, որքա՞ն է իրական շրջանառությունը եւ ինչո՞ւ պետք է կառավարությունը վստահի ձեռներեցների՝ առանց փաստաթուղթ ցույց տալու հայտարարած թվերին: Ասուլիսի բանախոսները շրջանառության ծավալն այդպես էլ չասացին, միայն նշեցին, որ եթե կառավարությունն իրենց չի վստահում, ապա կա հարկային մարմին, իրենք ՀԴՄ-ներ են խփում, շուկաներում ամեն տեղ կան տեսախցիկներ, թող հարկայինը ստուգի բոլորին, եւ եթե որեւէ մեկը սխալ թիվ ներկայացնի՝ տուգանի:

Ն. ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930