Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի դստեր, խնամու գործով վճիռն օրինական ուժի մեջ է մնացել. դատական սխալ «չգտնվեց»

Հունիս 18,2015 14:00

Հունիսի 11-ի թվագրությամբ «Առավոտը» երեկ ստացել է
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի մայիսի 20-ին
կայացրած որոշումը: Նախագահող դատավորն էր Ե. Խունդկարյանը:

Քննարկելով Նարինե Սարգսյանի, Հրանտ Սուվարյանի՝ ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի, երրորդ անձ ճանաչված «Առավոտ» օրաթերթի՝ պատվի, արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին գործով բերված բողոքը քննության առնելու հարցը, Վճռաբեկ դատարանը որոշել է բողոքը վարույթ չընդունել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտել եւ, փաստորեն, բողոքարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ էքսվարչապետ Տիգրան Սարգսյանի դուստր Նարինե Սարգսյանն ու նրանց խնամին՝ Հրանտ Սուվարյանը, դիմել էին առաջին ատյանի դատարան, հայտնելով, որ օրաթերթում եւ կայքում տարածվել է ապատեղեկատվություն:

Նրանք պահանջում էին լրատվամիջոցով հերքել այդ տեղեկությունները, հօգուտ իրենց՝ պատասխանող քաղաքացիներից յուրաքանչյուրից առանձին-առանձին բռնագանձել 300 000-ական դրամ՝ զրպարտության համար, 250 000-ական դրամ՝ փաստաբանի վարձատրության գումարը:

Ի դեպ, 28.11.2014թ. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Սարգսյան ընտանիքի հայցը բավարարվել էր: Նրանց ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Անահիտ Սարգսյանը:

Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը, որոնց ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Յուրիկ Խաչատրյանը, դիմել էին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան, որտեղ 26.03.2015թ. անփոփոխ էր մնացել առաջին ատյանի վճիռը:

ՀՀ վերաքննիչ դատարանին Ս.Դավթյանի ու Լ.Խաչատրյանի ներկայացուցիչը հայտնել էր, որ առաջին ատյանի դատարանը սխալ հետեւության է հանգել, արձանագրելով, թե՝ «Ըստ բողոքաբերների՝ իրենց կողմից կառուցված ավտոտնակով ծանրաբեռնված հայցվոր Հրանտ Սուվարյանի տիրապետման ներքո է գտնվում օրենքով նախատեսված հիմքով»:
Ըստ Խաչատրյանի, սրանով իսկ վերաքննիչը հակասել էր իր նախորդ հետեւությանը, համաձայն որի՝ «վարչական գործով կայացվելիք դատական ակտը կամ այդ գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքները սույն վեճի լուծման համար չեն կարող էական նշանակություն ունենալ, կասեցման հիմք չեն կարող դիտարկվել»:

Այսինքն, ըստ Խաչատրյան ընտանիքի ներկայացուցչի, եթե վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ավտոտնակը Սուվարյանի տիրապետման ներքո է գտնվում օրենքով, քաղաքապետի որոշմամբ, ապա վարչական դատարանում դեռ վիճարկվում է այդ որոշումը, դրա իրավական հետեւանքները. «Այդ պայմաններում դատարանը պարտավոր էր կասեցնել այդ գործի քննությունը, մանավանդ որ, առաջին ատյանը հանգել էր այն հետեւության, թե՝ նրանց կողմից կառուցված քարե շինությունը գտնվել է համասեփականատեր Արթուր Խաչատրյանի հողամասում, եւ վերջինս ժամանակին տվել է իր համաձայնությունը՝ ոչ միայն ավտոտնակի կառուցման, այլ նաեւ պատասխանողների անվամբ սեփականաշնորհելու համար: Ասել է թե՝ Հրանտ Սուվարյանը նշված ավտոտնակի հետ որեւէ առնչություն չունի»:

Վերաքննիչ դատարանը փոխել էր փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջը՝ դարձել էր յուրաքանչյուրից 100 000-ական դրամ բռնագանձման ենթարկվելիք գումարը եւ փոխհատուցման գումարը նույնպես 100 000-ական դրամ էր եւ ոչ՝ 300 000-ական դրամ:

«Առավոտը» ներկայացուցիչ չի ունեցել տվյալ գործով:

Քաղաքացիները, որոնք բողոք էին բերել, հայտնել էին, որ վերաքննիչ դատարանը թերի է պատճառաբանել վճիռը, եւ՝ «պատասխանող կողմի արտահայտությունն ուրիշի գույքին տիրապետելու մասին չի կարող գնահատվել որպես զրպարտություն կամ վիրավորանք, քանի որ հայցվոր Սարգսյան ընտանիքը մինչ պատասխանողի կողմից նման արտահայտություն անելն արդեն զավթել էր ուրիշի գույքը (ավտոտնակը, ինչպես մեր լրատվամիջոցին տրված հարցազրույցում էին պնդել-Ռ.Մ.), որի վերաբերյալ գործում առկա էին կադաստրային փաստաթղթերն ու տեղեկանքները»:

Վճռաբեկ դատարանն իր նախագահողով եւ 9 դատավորներով որոշման պատճառաբանական մասում հղում էր կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն հոդվածին, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը կարող է ընդունել բողոքը, եթե բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար կամ առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, առկա է նոր երեւան եկած հանգամանք:
Ըստ Վճռաբեկ դատարանի դատավորների, այս գործով բողոք բերած քաղաքացիների փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը, ինչպես նաեւ գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր նաեւ, որ բերված բողոքը չի պարունակում այն քննության ընդունելու վերաբերյալ օրենքով սահմանված այլ հիմնավորումներ: Հետեւաբար, մերժվել էր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930