Լրահոս
Օրվա լրահոսը

Գրադարանում հիշեցին նվիրյալ հայագետին

Հունիս 18,2015 13:00

Այս տարի լրանում է ազգությամբ չեխ,
հայագետ Լյուդմիլա Մոտալովայի ծննդյան 80-ամյակը

2015 թվականին լրանում է հայ գրականության, մշակույթի, արվեստի քարոզիչ, հայագետ եւ պրոպագանդիստ Լյուդմիլա Մոտալովայի ծննդյան 80-ամյակը: Այն հիշում են Հայաստանում եւ Չեխիայում:

Լյուդմիլա Մոտալովան 1954-1959 թթ. սովորել է Պրահայի Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Հայերեն գերազանց սովորել է նույն համալսարանի արեւելագիտության բաժնում, լեզուն՝ ողջ պատմությամբ գրաբարից մինչեւ աշխարհաբար: Շուտով նա հրավիրվում է աշխատելու գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում։ Այստեղ նա հայ ժողովրդի պատմությանը, գրականագիտությանը, մշակույթին նվիրված բազմազան ուսումնասիրություններ է կատարում եւ այդ ամենը հրատարակում։

Lyudmila_Motalova-2

Հայ գրականության այդ խոշոր եւ պատվավոր գործը նա սկսել է Ավ. Իսահակյանից: Թարգմանել, հրատարակել է նաեւ Հովհ. Թումանյանի, Պ. Սեւակի, Հ. Մաթեւոսյանի, Ա. Բակունցի եւ շատ ու շատ այլ գրողների ստեղծագործություններ: Նա մի առիթով նշել է, որ հայ ժողովրդի ու հայոց լեզվի հանդեպ հետաքրքրությունն իր մեջ ծնվել է, երբ մոր սեղանին տեսել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը: Դպրոցն ավարտելու տարիքում էր, երբ մի շնչով կարդաց այդ գիրքը, ինչը, նրա ձեւակերպմամբ, վիթխարի հետաքրքրություն է առաջացրել ամենայն հայկականի հանդեպ:

Մոտալովան ժամանակին ընդգծել է, որ իր ձեռքի տակ եղած հայկական բոլոր ստեղծագործությունները կարծես թե հոգեւոր կամուրջներով ձգտում են համընկնել չեխական ստեղծագործական գրվածքների ոգուն։

Նա չի սահմանափակվել գրական թարգմանություններով։ Զուգահեռ կազմակերպում էր ռադիոհաղորդումներ՝ հայկական ստեղծագործական արվեստների՝ գրականության, երաժշտության, հասարակական կյանքի վերաբերյալ, հանդես էր գալիս դասախոսություններով, անց էր կացնում զրուցներ տարբեր լսարանների համար: Ինչ վերաբերում է 2 ազգերի ստեղծագործական առնչություններին, չենք կարող այս համատեքստում չնշել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի եւ չեխ բանաստեղծ Վ. Հոլանի միջեւ համագործակցությունը։ Նրանք հիանալի երգ ստեղծեցին կամերային անսամբլի համար, որը նվիրված էր հենց Լյուդմիլա Մոտալովային:

Հիանալի է, որ Հայաստանում գործում է Լյուդմիլա Մոտալովայի անվան գրադարան֊մասնաճյուղ։ Այդ հիանալի անվանումը շնորհվել է նվիրյալ հայագետի մահվանից հետո։ Իմիջիայլոց, օրերս Մոտալովայի հոբելյանը նշվեց հենց իր անվան գրադարանում։ Միջոցառմանը մասնակցեցին գրողներ եւ ընթերցողներ:

Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930