Օրերս տղաներիս հետ գնացել էի ծերանոց՝ մեր երկու ամերիկացի ծանոթներին տեսակցության: Շատ բարի մարդիկ են այս ամուսինները: Արդեն 80-ն անց: Ամուսնու երկու ոտքերը կտրել են հիվանդության պատճառով ու իրեն ամենօրյա բժշկական խնամք է պետք ծերանոցում: Կինը, թեեւ կորցնում է հիշողությունը, ասել է՝ ես տանը մենակ չեմ մնա, կգամ քեզ հետ: Ու մինչեւ վերջ միասին կլինենք: Հուզիչ սիրո պատմություն է: Մի քանի ամիս առաջ վաճառեցին տուն, տեղ, ամեն ինչ ու տեղափոխվեցին ծերանոց՝ այս կյանքի մնացորդը մի փոքր սենյակում միասին անցկացնելու համար:
18 հոգանոց ընտանիք ունեն (թոռներով), բայց երեխաներն ամեն մեկը մի կողմ ցրված ու իրենք այստեղ մենակ՝ բայց շրջապատված շատ ընկերներով:
Մտա սենյակ, տեսնեմ տխուր են: Սահակ Մաշալյան եպիսկոպոսի ասած՝ լրիվ թոռոմած ծաղիկի նման: Դե, հազար մտածելու բան ունեն մարդիկ: Ասի՝ «Էս ինչի՞ եք սենց տխուր, ախր դուք քրիստոնյա մարդիկ եք, ամեն կիրակի եկեղեցում ու ես ձեզ գիտեմ որպես հավատացյալ ու շատ բարի մարդիկ: Հասկանում եմ ձեր վիճակը, բայց ինչի՞ եք այսքան տխուր»:
Կարդացեք նաև
Զգում եմ՝ մի բան էն չի:
–Կիրակի օրերը ձեզ մեկը գալիս եկեղեցի տանո՞ւմ է:
–Այո:
–Միասին աղոթո՞ւմ եք:
–Այո:
–Աստծո խոսքը, Ավետարաններն ամեն օր կարդո՞ւմ եք:
–Չէ, մենք չենք կարդում, բայց աղոթում ենք:
Է, մտածում եմ, եթե չսնվեք ամեն օր Աստծո խոսքով, բա ինչ կանեք, որ չեք թառամի: 5 օր, որ մարդ հաց չուտի, մարմինն ինչպես կտկարանա, չէ՞: Եվ եթե հոգիդ չսնես, մտքերդ ու սիրտդ ինչպես կտկարանա: Իսկ եթե ամիսներով ու տարիներով չես կարդում Աստծո խոսքը, որ մարդու հոգու համար միակ իսկական մխիթարանքն է ու սնունդ:
Ժողովուրդ ջան, չգիտեմ խորհրդային տարիների, թե ինչ պատճառով, մեր մեջ կարծես թե արմատացած չէ ամեն օր Աստծո խոսքով սնվելը: Աստվածաշունչ կարդալն իրոք հաց է մարդու ներաշխարհի համար: Ու դրա մասին վկայեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Երբ Նա 40-օրյա ծոմապահության վերջում սով զգաց ու փորձվեց սատանայի կողմից, թե՝ «եթե Աստծո Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ (Մտ 4:3) Իսկ Տերը պատասխանեց ու ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ (Մաթեւոս 4:4)
Ժողովուրդ ջան, մարդը չի ստեղծված հուսահատության ու տխրության համար: Գիտեմ, որ ծանր հանգամանքներ կան, ու այս հանգամանքների մեջ եթե մենք մեր հոգիները չսնենք, մեր ներաշխարհը չսնենք, կչորանանք, կթոռոմենք, կլինենք այն ծաղկի նման, որը դրված է ծաղկամանի մեջ ու շաբաթներով չի ջրվել: Սրա համար հարկավոր է ու անհրաժեշտ, որ ամեն մարդ օրվա մեջ գոնե մի քանի գլուխ կարդա Աստծո խոսքը: Գոնե չորս Ավետարանները լավ իմանա: Սա իսկապես սնում ու ոգեւորում է մարդու հոգին ու միտքը: Հիշեք Տորիչելիի օրենքը, թե «բնությունը չի հանդուրժում դատարկություն»: Եթե ձեր սրտերն ու մտքերը Աստծո մխիթարական սիրո խոսքերով չլցնեք, ապա այն կլցնի հուսահատությունը, տխրությունն ու վախը:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրեք
Ֆեյսբուքի իմ էջին՝
https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts
«Առավոտ» օրաթերթ
17.06.2015