Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մշակութային մարդը պետք է լինի կիրթ, իսկ կիրթ մարդը՝ մշակութային»

Հունիս 17,2015 23:12

Այս տարի արդեն 3-րդ անգամ Երևանում կանցկացվի Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որի մեկնարկը տրվեց այսօր և կշարունակվի մինչև հունիսի 24-ը:

Մրցույթ-փառատոնը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ:

«Զարմանալ պետք չէ, որ Կրթության և գիտության նախարարությունն է երաժշտական նման փառատոն կազմակերպում, որովհետև մեզ և Մշակույթի նախարարության համար կրթությունն ու մշակույթը երկու անբաժանելի ոլորտներ են: Իմ խորին համոզմամբ՝ մշակութային մարդը պետք է լինի կիրթ, իսկ կիրթ մարդը՝ մշակութային: Չկա կրթություն առանց մշակույթի և չկա մշակույթ առանց կրթության»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա գնահատմամբ՝ այս փառատոնը շատ լավ հնարավորություն է երիտասարդ, սկսնակ երաժիշտների համար՝ դրսևորելու իրենց ունակությունները և նաև հայտնվելու հասարակության ուշադրության կենտրոնում. «Իհարկե, հաճելի է տեսնել աստղեր, բայց շատ ավելի հաճելի է, երբ այդ աստղերի աճն ես տեսնում, հիշում ես նրանց պատանեկան, ուսանողական տարիներից, հետո տեսնում ես վերջնարդյունքը, թե ինչպես է այդ մարդն աճել ու մեզ էլ իր հետ աճեցրել, որովհետև մշակույթով իրականում բոլորս ենք սնվում»,- ասաց կրթության և գիտության նախարարը:

Տեղեկացնենք, որ մրցույթ-փառատոնը կանցկացվի տարիքային երեք խմբով.
1) պատանեկան «Ա» խումբ (մինչև 10 տարեկան ներառյալ)
2) պատանեկան «Բ» խումբ (11-15 տարեկան ներառյալ)
3) երիտասարդական (16-18 տարեկան ներառյալ)

Մրցույթ-փառատոնի տարիքային բոլոր խմբերի մրցութային ծրագրում ընդգրկված են Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները:

Պատանեկան խմբերում մրցույթ-փառատոնը կանցնի մեկ, իսկ երիտասարդական խմբի բոլոր մասնակիցների համար՝ երկու փուլով:

Պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային 3-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի և Չինաստանի 100-ից ավելի դաշնակահարներ:

Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են պրոֆեսորներ Գ. Մուխամեդջանովան՝ Ղազախստանից, Վլադիմիր Օրլովսկին՝ ՌԴ-ից, Ալեքսանդր Գարբերը՝ Վրաստանից: Հայաստանից ժյուրիի կազմում են Կոնսերվատորիայի պրոֆեսորներ Վաղարշակ Հարությունյանը, Արմեն Բաբախանյանը, Անահիտ Բոգդանյանը, Սուրեն Զաքարյանը, Արմինե Գրիգորյանը:

Մրցույթ-փառատոնի հաղթողները կպարգևատրվեն դափնեկրի դիպլոմով և Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի պատրաստած հուշամեդալով, որի վրա պատկերված է Ա. Բաբաջանյանի կիսադեմը: Պատանի դաշնակահարների համար սահմանված են նաև հատուկ մրցանակներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930