Հունիսի 6-ին Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում կայացած չեմպիոնական մենամարտի ութերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվեց Խեսուս Կուելլային:
Այսօր մեր անվանի բռնցքամարտիկի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այդ մենամարտի, Վախթանգ Դարչինյանի անցած մարզական ուղու եւ իր սանի հետագա ծրագրերի իր պատկերացման շուրջ:
«Այդ մենամարտն անցկացնել-չանցկացնելու քննարկմանը ես չեմ մասնակցել: Եթե ինձ մնար, չէի թողնի, որ Վախթանգն իր սովորականից բարձր այդ քաշային կարգում մենամարտեր, քանի որ իմ կարծիքով նա այնտեղ անելիք չուներ: Լինելով պրոֆեսիոնալ եւ իր էությամբ՝ մարզական կերպար, Վախթանգը միշտ ցանկանում է ամենամեծ բարձունքները գրավել, ռեկորդներ սահմանել, թեեւ գոտիների առումով խնդիրներ չունի. Մինչեւ այժմ նա չեմպիոնական ութ տիտղոս է հաղթել, եղել է բացարձակ չեմպիոն: Նրա անունը գրանցված է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ողջ պատմության մեջ 20 լավագույնների ցուցակում:
Նա ցանկացել է իր քաշային կարգում մենամարտ անցկացնել չեմպիոնների հետ: Բայց քանի որ հրաժարվել են եւ դա համընկել է Կուելլարի՝ իր հետ մենամարտելու ցանկությանը, համոզել են, համաձայնել է: Բայց նա պետք է ամեն բան մի լավ քննարկեր. քաշային կարգ, տարիք, մրցակցի հետ տարիքային տարբերություն, հաղթելու հնարավորություն… Վախթանգը միայն չեմպիոնների հետ է մենամարտում: Իսկ չեմպիոնները ուժեղ են եւ չեմպիոն հենց այնպես չեն դառնում: Վիկի թիմի անդամները սխալ որոշում են կայացրել: Կարելի էր սպասել: Օրինակ, նրա վերջին մենամարտից հետո իր սովորական քաշային կարգում արդեն սկսել են հրավիրել: Կարծում եմ, եթե սպասեր մինչեւ սեպտեմբեր, չեմպիոնական մենամարտեր կտային: Վախթանգը ոչ միայն իմ սանն է, որի հետ պարապել եմ 7,5 տարեկան հասակից սկսած, այլեւ նրան իմ որդու պես եմ վերաբերվում: Դրա համար էլ խորհուրդ եմ տվել, որ աստիճանաբար թողնի բռնցքամարտը: 40 տարեկան է դառնում: Ուզում եմ, որ արդեն իր անձնական կյանքով, երկու հրաշալի որդիներով ավելի շատ զբաղվի», – ասաց մարզիչը եւ լրագրողներին հորդորեց, որպեսզի մեծ մարզիկներին անդրադառնալիս ավելի շատ գրեն նրանց նվաճումների մասին: «Ի՞նչ է ստացվում: Մարդը չեմպիոնական ութ գոտի է նվաճել ու մի պարտությունով որոշ լրագրողներ նրա ամբողջ արածը, անցած մարզական ուղին հողին են հավասարեցնում: Սպորտ է, որտեղ պարտություն նույնպես լինում է», – թեման եզրափակեց Վազգեն Բադալյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ