«Ինչպես տեսանք Սարգսյան Սերժը հերթական անգամ չլսեց ժողովրդի ձայնը եւ իր մունետիկ մարմնի միջոցով հայտարարեց հոսանքի հերթական ապօրինի թանկացման մասին»,- հունիսի 17-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ այդ թանկացումը շատ վատ ազդեցություն է ունենալու թե՛ ժողովրդի, թե՛ տնտեսության վրա. «Հերթական անգամ մեր երկրում փորձում են ոտնահարել քաղաքացիների իրավունքները, քաղաքացիների պահանջը չեն լսում ու պահում են անհատի շահ: Բոլորս տեսանք ոմն Բիբինի սպառնալիքախառն նամակը Նազարյանին ու ստացվում է, որ Բիբինի խոսքը այս պահին Սարգսյան Սերժի համար ավելի կարեւոր դուրս եկավ, քան ժողովրդինը»:
Մաքսիմ Սարգյսանը նշեց, որ փորձեր եղել են խոչընդոտել մայիսի 27-ի երթը, սակայն ժողովուրդը չի վախենում այդ խոչընդոտներից. «Համոզված եմ, որ հունիսի 19-ին ո՛չ այդ խոչընդոտներին են նայելու մեր քաղաքացիները, ո՛չ էլ ինչ-որ վախերի են տրվելու: Համոզված եմ՝ նորից գալու են Երեւան, ովքեր էլ չեն կարող գալ, ինքնակազմակերպվելու են իրենց քաղաքներում: Այսինքն՝ համոզված եմ, որ այդ մասով խնդիր չի լինելու, մարդիկ գալու են հասնեն: Հիմա բացի այդ խոչընդոտներից թաղամասերում են շրջում, մարդկանց են փորձում համոզել, որ արդեն թանկացել է, իզուր է, բայց համոզված եմ, որ քաղաքացիները գիտակից են»:
Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արամ Մանուկյանը հավելեց, որ շարժումը չի նահանջելու. «Մենք կոչ ենք անում խոչընդոտներն անտեսել, որովհետեւ այսպես շարունակել չի կարելի է, հերիք է: Բնականաբար, նրանք ամեն ինչի պատրաստ են, որ հունիսի 19-ից սկսող գործընթացը չիրականանա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ