Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմ և շքանշան հանձնեց Լոնդոնի Կայսերական քոլեջի Քիմիական ճարտարագիտության դեպարտամենտի պրոֆեսոր` Սերգեյ Գուրգենի Կազարյանին:
Սերգեյ Կազարյանը հանդես եկավ «Սպեկտրասկոպիական պատկերում: Նոր ուղղություններ և հեռանկարային կիրառություններ» զեկույցով, ներկայացրեց իր գործունեության հիմնական ուղղությունները և ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության հնարավորությունները:
Սերգեյ Կազարյանի հիմնական հետազոտություններն ուղղված են պոլիմերային նյութերի և գերկրիտիկական հեղուկների մշակման մոլեկուլային սպեկտրասկոպիային, ժամանակակից սպեկտրասկոպիական պատկերների մշակման եղանակներին, ներառյալ FTIR սպեկտրասկոպիան: FTIR սպեկտրասկոպիական պատկերների մշակումը նոր հնարավորություններ է ստեղծում բարդ նյութերի, փորձագիտական, դեղագիտական և կենսաբժշկական հետազոտությունների բնագավառում: Ուսումնասիրվում են պոլիմերներում և գերկրիտիկական հեղուկներում միջմոլեկուլային փոխազդեցությունները:
Նա 193 հոդվածի և 15 գրքի համահեղինակ է:
Սերգեյ Կազարյանի գիտական գործունեությունն արժանացել է հետևյալ շնորհների և մրցանակների`
• Abbott Volwiler Donation Award for research in Pharmaceutical Sciences, 2007
• Rector’s Research Excellence Award, Imperial College London, 2007
• Advanced Grant, The European Research Council, 2008
• 350th Anniversary Summer Science Exhibition, The Royal Society, 2010
• Member, Committee for Newton Fellowships, The Royal Society
• Fellow, The Royal Society of Chemistry.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն