Այսօր Գյումրիում «Ո՛չ Թալանին» նախաձեռնող խմբի կողմից տեղի ունեցավ իրազեկման ավտոերթ: Խմբի անդամները մի քանի մեքենաներով շրջեցին քաղաքում՝ գյումրեցիներին կոչ անելով միանալ ամսի 19-ին Գյումրիում հոսանքի թանկացման դեմ ուղղված բողոքի երթին:
Նշենք, որ այսօրվա ավտոերթին մասնակցում էին նաեւ ակտիվիստներ Մարալիկից ու Շիրակի մարզի գյուղերից, թեեւ թվով քիչ էին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ակտիվիստ Արմեն Ներսիսյանը, ավտոերթի նպատակը իրազեկելն է, որպեսզի գյումրեցիները, ինչպես եւ հանրապետության մյուս տեղանքների բնակիչները, միանան միասնական բողոքի ճակատի ձեւավորմանը: «Արդեն պարզ է, որ սակագինը թանկացել է, սակագնի թանկացումը ոչ մի տրամաբանություն չունի, ո՛չ տնտեսագիտական, ո՛չ քաղաքագիտական տրամաբանության չի ենթարկվում, հետեւաբար յուրաքանչյուր քաղաքացի դիրքորոշում պետք է արտահայտի՝ ի՞նքն է վճարելու ուրիշի թալանի համար, թե՞ պատրաստ է պայքարելու», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Ներսիսյանը: Ըստ նրա, Ռոբերտ Նազարյանը ու մյուս իշխանավորները ցինիզմի հասնող անտարբերություն են դրսեւորում ժողովրդի խնդիրների նկատմամբ:
Կարդացեք նաև
Մարալիկից ավտոերթին մասնակցելու եկած մի երիտասարդ էլ հայտարարեց, որ եթե օգոստոսի մեկից կիրառվեց հոսանքի թանկացման որոշումը, իրենք որպես բողոքի նշան՝ ազգովի կսպառեն էլեկտրաէներգիան՝ չվճարելով, պարտքերը թողնելով ՀԷՑ-ի ուսերին, որպեսզի Բիբինը սեփական կաշվի վրա զգա, թե ինչ է նշանակում ուրիշի մսխածի դիմաց վճարել:
Ակտիվիստ Հենրիկ Գրիգորյանի ասելով էլ՝ նորածնից մինչեւ 90 տարեկան տուժելու են հոսանքի թանկացումից: Նա կոչ արեց ազգովի ոտքի կանգնել, ուրիշի մսխածի դիմաց չվճարել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ