Այսօր Aravot.am-ի հետ զրույցում սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը, մեր հարցին՝ ըստ Ձեզ, ինչո՞ւ է հանրության ուշադրությունը սեւեռվել Սյունիքի մարզպետի, նրա ընտանիքի, որդու գործունեության վրա, ըստ Ձեզ, ինչո՞վ են նրանք արժանացել այս կարգի ընդգծված ուշադրության՝ պատասխանեց. «Վերջին դեպքերից ելնելով՝ բավականին բարձրաձայնվել է: Բայց ասեմ, որ եթե այդ երեւույթները, այդ պատահարները չլինեին իր ընտանիքի հետ կապված, այդպիսի հնչեղություն չէին ստանա: Ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված մեր հանրությունը հատուկ մոտեցումներ է ունենում՝ ճոխացնելու: Նույն երեւույթը եթե առաջանար շարքային քաղաքացու հետ, միգուցե ընդհանրապես չխոսային»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ է հենց իր ընտանիքի հետ անընդհատ նման միջադեպեր պատահում՝ որդու եւ Զաքարյանների միջադեպը, Բուդաղյանների գործը, դանակահարություններ, բազմաթիվ նման դեպքեր, ինչո՞ւ՝ Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Այդ նույն երեւույթները կատարվում են բոլորի հետ, բայց չի բարձրաձայնվում»:
Մեր դիտարկմանը, որ կոնկրետ մեր ընտանիքում նման միջադեպեր չեն լինում, Ձեր ընտանիքում լինո՞ւմ են՝ նա պատասխանեց. «Ընդհանրապես ակտիվությունը երիտասարդների մոտ լինում է: Ես 2 աղջիկ ունեմ, բայց մենք ընտանիքում եղել ենք 4 տղաներ: Մեր հետ էլ է պատահել, ակտիվություն եղել է մեր հետ էլ, տղաների մեջ: Գիտես, ծեծելը եթե սովորական է լինում, ո՞ւմ հետ չի պատահում, բոլորի հետ էլ պատահում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ