Բաթումում գտնվող Հայ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի գլխավորած պատվիրակությունը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի, ինչպես նաև Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ հունիսի 15-ին Բաթումի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում ներկա գտնվեցին հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ոգեկոչման կարգին, որը մատուցվեց Արարատ քահանա Գումբալյանի կողմից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որից հետո ծաղկեփնջեր զետեղեցին հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող խաչքարին:
Հունիսի 16-ին Բաթումի երաժշտական կենտրոնում ցուցադրվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվերով փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի կողմից նկարահանված «Հայ ժողովրդի պատմությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին. Հայոց ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը:
Ցուցադրությունից առաջ ելույթ ունեցան Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Ռուբեն Գևորգյանցը և ֆիլմի ռեժիսոր Գեորգի Կևորկովը: Բանախոսները կարևորեցին հայ գաղթօջախներում նման ֆիլմերի ցուցադրումը` ընդգծելով դրանց արժեքը արտերկրում բնակվող հայերին հայկական մշակույթին ու հայոց պատմությանը հասու դարձնելու տեսանկյունից:
ՀՀ ԱԳՆ