Համոզված եմ՝ այսօր Հայաստանում , Արցախում և Սփյուռքում ողջ հայությունը անկեղծ ցավում և սգում է մեծ հայի կորուստը:
Քըրք Քըրքորյանը Հայաստանի հանրապետության և հայության կյանքում մեծագույն վաստակ ունեցող՝ մեծ ,,ամագ,, բերած անձնավորություն էր, մարդ, ով իրական , արդյունավետ և հսկայական ներդրում ունեցավ մեր նորանկախ երկրի կայացման , բազմաթիվ կարևորագույն նախագծերի և ծրագրերի ձեռնարկման և իրագործման հարցում: Կառուցվեցին և վերականգնվեցին Հայաստանում երկար տարիներ կենսական անհրաժեշտություն համարվող, միջպետական և հանրապետական նշանակության ավելի քան 400 կմ ավտոճանապարհներ, մի շարք թունելներ և կամուրջներ, այդ թվում՝ Սելիմի ավտոճանապարհը, Սևանի , Սպիտակի, Պուշկինի թունելները: Բացի ճանապարհաշինության ոլորտի ներդրումներից, հիմնովին վերանորոգվեցին և ժամանակակից միջազգային չափանիշներով վերազինվեցին բազմաթիվ մշակութային օջախներ, այդ թվում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական , Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային , Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնները և բազմաթիվ կրթական հաստատություններ, դպրոցներ, մարզական կենտրոններ, որտեղ մինչ օրս բազմաթիվ հայ երեխաներ սովորում են լավ պայմաններում: Նորոգման աշխատանքներ կատարվեցին մի շարք թանգարաններում, ցուցասրահներում:
Քըրք Քրքորյանը մեծ հայրենասեր էր, մեր ժողովրդի արժանի զավակ, ում վաստակն ու անձնուրաց նվիրումը դեռ երկար կմնա ներկայիս և գալիք սերունդների հիշողության մեջ:
Նրա ծանրակշիռ ներդրումները սկիզբ դրեցին անկախության շրջանում Հայաստանի տնտեսության վերածնունդին, իր ողջ կյանքում նա մնաց իսկական և հավատարիմ հայ՝ իր մտածողությամբ, իր ապրած կյանքով և ազգին մեծ նվիրումով:
Կարդացեք նաև
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
ԱԺ փոխնախագահ