Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հիմա էլ ուզում եք Դիլիջանը որպես կալվածք հանձնել Ռուբեն Վարդանյանին» (Տեսանյութ)

Հունիս 17,2015 16:36

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկում է Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին կառավարության որոշումը:

Մինչ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը գովում էր օրենքի նախագիծը, թե սրանով խթանում են Դիլիջանում ներդրումները, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մի շարք մտահոգություններ հնչեցրին:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, օրինակ բերելով Դիլիջանի դպրոցը, հայտարարեց. «Դիլիջանի դպրոցը իր հոլդինգային նկատառումներով չե՞ք կարծում, որ որոշակի տարածքներ կարող ենք ֆեոդալականացնել: Հետո ի՞նչ է լինելու մեր փոքր ու միջին բիզնեսի վիճակը»:

Վաչե Տերտերյանը պնդեց հակառակը` հիմնավորելով, որ այդ կարգի նախագծերի կարիք կա այլ համայնքներում: Դառնալով նախագծին` ասաց. «Դա կլիներ այն դեպքում, երբ իսկապես մեկ հոլդինգ և ընկերություն լիներ, բայց այս դաշտը բազմապրոֆիլ և դիվերսիֆիկացված ներդրողների է ֆինանսավորելու»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատեց, թե այս օրենքի նախագծով ուզում են Դիլիջանում պետական հեղաշրջում իրականացնել ու հանել են քաղաքը վաճառքի, ու դեռ մի բան էլ լուրջ դեմքով նստած այս օրենքն են քննարկում:

Պարոն Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «Այս օրենքով նշանակում է ստեղծել մի մարմին, քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տալ այդ մարմնին, որ մարիոնետի կարգավիճակով օգտագործի ինչպես ուզում է: Սա հակապետական օրենքի նախագիծ է»:

Նիկոլ Փաշինյանը մտահոգություն ունի, թե «կարող է վաղն էլ մի սենց նախագիծ բերեք ՀՀ-ի համար»: Ամփոփելով պարոն Փաշինյանը հիշեցրեց գործարար Ռուբեն Վարդանյանի անունը. «Սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այն ինտելեկտուալ ծրագրերին, որ նա իրականացնում է, բայց սա ինձ համար մի երևույթի շարունակություն է, որ Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին, Արտաշատը կտանք Հովիկ Աբրահամյանին ու նրա ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան`Սամվել Ալեքսանյանին, Աբովյանը` Գագիկ Ծառուկյանին, Դիլիջանն էլ կտանք Ռուբեն Վարադանյանին: Կառավարությունը պետական կարգի դեմ օրենքի նախագիծ է բերում, մի հատ էլ հիմնավորում է ներդրումներով»:

Նիկոլ Փաշինյանը Վաչե Տերտերյանին առաջարկեց գնապիտակներ կպցնել բնակավայրերի ցուցանակների տակ ու վերջում էլ ՀՀ-ի վրա մի բանտիկ դնել` ասեք ներդրող ուզո՞ւմ ես առնել, թե՞ ոչ: Այնուհետև պատգամավորներին ամոթանք տվեց այդ օրենքի նախագիծը լուրջ դեմքով քննարկելու համար:

Վաչե Տերտերյանը հակադարձեց. «Ներդրումային միջավայրի ձևավորելը հեծանիվ հորինել չէ: Առաջին անգամ չէ, որ ՀՀ ԱԺ ներսում, ուսանողական լսարաններից սկսած խոսվում է ներդրումների խրախուսման մասին: Թիրախավորված մոտեցում չունենք, օրենքը աշխատելու է բոլորի համար»:

Նիկոլ Փաշինյանը կրկին բորբոքվեց. «Խոսքը հարկային արտոնությունների մասին չէ. մարմին եք ստեղծում երկրի մեջ, որը համայնքային հարցեր է լուծելու. մարզպետը խորհրդակցական ձայնի իրավունքով պետք է մասնակցի, քաղաքապետը դռան տակ նստի, որ պետք լինի կանչեք, պետք չլինի` չկանչեն: Ձեր ոչ մարզպետներով եմ հիացած, ոչ քաղաքապետով, այլ գտնում եմ, որ նրանք մասսայաբար ենթակա են պաշտոնանկության: Բայց երկիրը չի կարող վաճառքի հանվել, դուք հիմա կոնկրետ Դիլիջան քաղաքը հանել եք վաճառքի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930