Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ պարտադրում են, որ երրորդ երկիր գնանք Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանով». սյունեցի պատգամավոր

Հունիս 17,2015 16:06

«ՀՀ-ում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ քաղաքացիները զրկվել են ՌԴ-ի օդանավակայաններում գտնվող «Դյութի ֆրիներից» գնումներ կատարելու իրավունքից»,- երեկ ԱԺ նիստում սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանն այսպիսի բողոք ներկայացրեց  էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին: Նա ասում էր, որ երբ մեր քաղաքացիները 10-11 ժամ մնում են օդանավակայաններում, չեն կարողանում «Դյութի ֆրիներից» էժան սնունդ գնել կամ դեղատներից՝ դեղ:

Ի պատասխան՝ Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ «Դյութի ֆրիում» ի՞նչ սնունդ, այնտեղ ալկոհոլային խմիչքներ, օծանելիք եւ այդ կարգի ապրանքներ են վաճառում:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Կարապետյանը հակադարձեց նախարարին. «Դյութի ֆրիներում, իհարկե, սննդամթերք են վաճառում՝ խմորեղենի տեսքով, կոնֆետեղենի տեսքով, ջրեղեն են վաճառում: Ես ձեզ մի հատ օրինակ բերեմ, սրճարաններն ու ռեստորանները 3 անգամ ավելի թանկ են, քան «Դյութի ֆրի» խանութ-սրահները: Հասարակ ջուրը 120 ռուբլի է խանութ-սրահներում, ռեստորաններում ու սրճարաններում՝ 350: Պատկերացնո՞ւմ եք ինչքան տարբերություն կա: Ամեն մարդ չի կարող օգտվել ռեստորաններից: Խոսքը դրան է վերաբերվում: Մեր քաղաքացիներին թող հնարավորություն տան, որ առեւտուր անեն խանութ-սրահներից, ռեստորանները շատ թանկ են: Ես չգիտեմ ում ինչ բախտ է վիճակվում, մարդիկ կան, որ գնում են VIP-ով, չարտերային թռիչքով, երեւի չեն հանդիպում նմանատիպ երեւույթների: Խոսքը վերաբերում է շարքային քաղաքացիներին, որոնց հնարավորությունները շատ քիչ են: Ընդհանրապես մենք վերջերս պարտադրված ենք 95 տոկոսով ՌԴ-ի օդանավակայաններով երրորդ երկիր տարանցիկ գնալ: Եվրոպական երկրների չվերթները բավականին պակասել են: Նախարարն ասաց, որ նոր միջոցներ են ձեռնարկում, որ ավելացնեն այդ չվերթները, եւ դա շատ լավ է: Մեր քաղաքացիները պարտադրված են, որ երրորդ երկիր գնալու համար անպայման մտնեն ՌԴ, հատկապես Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանով»:

Պատգամավորը պատմեց, թե ինչու է իրեն մտահոգել «Դյութի ֆրիների» եւ օդանավակայանների դեղատների խնդիրը. «Ինքս տարանցիկ չվերթի ժամանակ 4-5 ժամ եղել եմ Շերեմետեւո օդանավակայանում, երկու հայ կանայք դեղատանը բարձր խոսում էին, բողոքում էին, վաճառողը չէր տալիս իրենց այն դեղերը, որոնք պահանջում էին՝ պատճառաբանելով, որ դուք ՀՀ քաղաքացիներ եք, իրավունք չունենք ձեզ դեղ վաճառել: Ես անմիջապես մենեջերին կանչել եմ, խնդրել եմ, ներկայացել եմ, որ պատգամավոր եմ, մարդիկ ընդառաջել են, ասել են բացառիկություն կանենք: Դա էլ ինչ կարգով են արել, գտել են ՌԴ քաղաքացու, նրա անձնագրով դուրս են գրել այդ դեղերը: Բայց դե միշտ չենք կարող միջամտություններ կատարել եւ սրա-նրա անձնագրերով առեւտուր անել: Սա թվում է, թե շատ հասարակ խնդիր է, բայց ոչ, մեր քաղաքացիները պետք է կարողանան օգտվել այդ խանութ-սրահներից»:

Նախարարը հեգնել էր, որ տուրիզմի հարց էլ չի քննարկվում, «Ավիացիայի մասին» օրենքի նախագիծն է ԱԺ-ում, այդ հարցը ի՞նչ կապ ունի ավիացիայի հետ: Արմեն Կարապետյանի դիտարկմամբ՝ «Ավիացիան կարելի է եւ կապել, եւ չկապել: Նախարարն ասաց, որ դուք օրենսդրական նախաձեռնությամբ մտեք եւ այդ հարցը պահանջեք»:

Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ եք նախագիծ մշակել՝ նա պատասխանեց. «Սա այնպիսի խնդիր է, սա ոչ միայն մեր խնդիրն է: Սա մեր կառավարության եւ իշխանությունների խնդիրն է: Սա լուրջ բարդություններ է առաջացնելու հետագայում: Մեր քաղաքացիները միշտ էլ ՌԴ են գնում եւ առնչվելու են այս խնդրին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930