Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկայում չեն ուզում նանոտեխնոլոգիա ներդնել, որ թերացումնե՞րը չբռնեն (Տեսանյութ)

Հունիս 17,2015 16:05

Հունիսի 19-ին տեղի կունենա ԴիջիԹեք բիզնես ֆորում, որը բիզնեսի եւ տնտեսության այլ բնագավառների միջեւ գործարար կապեր ստեղծելու հնարավորություն է: Ֆորումի ժամանակ լինելու է ցուցահանդես եւ մասնագիտական քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար, տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար, էլեկտրոնային կառավարում, տեխնոլոգիաների կանաչ տնտեսության համար, տեխնոլոգիական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի համար, ՏՀՏ եւ նորարական տեխնոլոգիաները բժշկության եւ առողջապահության ոլորտում, կիբեր հանցագործություն:

Այսօր «Հայելի» ակումբում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանն ասաց, որ վերջին 3 տարիներին շուկան փոխվել է, այսօր ՏՏ ոլորտում մասնագետների պակաս կա, ինչը բերում է արժեքի բարձրացման,նույն ծրագրավորողների, աշխատուժի մասով:

Aravot.am-ի այն հարցին, ի՞նչն է պատճառը, որ ՏՏ ոլորտը դժվարությամբ է մուտք գործում բիզնես, ինչո՞վ է պայմանավորված՝ մեծ ներդրումնե՞ր, թե՞ այլ խնդիրներ են,

Ալեքսանդր Եսայանն ասաց, որ խնդիրները տարբեր են, որոշ դեպքերում մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ օգուտ կարող են տալ ՏՏ ոլորտի լուծումներն իրենց բիզնեսին, շատ դեպքերում էլ առաջարկը չկա:

Մեր այս հարցին ասուլիս մեկ այլ մասնակից՝ Կոնվերս բանկի ռազմավարական եւ բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանն էլ պատասխանեց. «Երբ ինչ-որ ձեռնարկություն աշխատում է իր ավանդական ձեւով եւ գիտի, որ թղթայինից պիտի անցնի թվայինի, գործընթացների լուրջ փոփոխություն է լինելու, պատրաստ չեն ամբողջ շղթան վերանայեն: Այն տնօրենը, որ պատրաստ չէ մտածելակերպը փոխելու, դժվարությամբ կկարողանա էֆեկտիվ ձեւով կիրառել ՏՏ ոլորտի լուծումները»:

Մանրամասն՝ տեսանյութում

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն էլ մեր հարցի առնչությամբ ասաց՝ այդ գործընթացը կոչվում է տեխնոլոգիական գործընթացների ռեինժեներինգ, այսինքն` մինչև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը մասնագետ պետք լինի, որը պիտի ապահովի այդ լուծումները, ապացուցի գործարարին, որ այդ նորամուծությունը ներդնելը կարող է արդյունավետ լինի իր բիզնեսի համար. «Այդ տեխնոլոգիական լուծումները, միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այդպես՝ հասուն ընկերություններն են ներդնում»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ այսօր մի շարք տնտեսագետներ հոսանքի թանկացումն ու էներգետիկ համակարգն ուսումնասիրելիս, նշում են, որ լրջագույն խնդիրներ կան, խախտումներ, թերացումներ. արդյոք հնարավոր է թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ նվազեցնել կորուստներն ու թերացումները, մասնագետները վստահեցրին, որ այդ ուղղությամբ հազարավոր լուծումներ կան, այլ հարց է, թե կամք կա՞ , թե՝ ոչ:

Մեր հարցին ի պատասխան, Հայկ Չոբանյանը նկատեց, մեր նշված խնդիրներից հիմնականը համակարգում վատ մենեջմենթն է, իսկ այսօր աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում մենք ունենք լուծումներ, որոնք թափանցիկ ու վերահսկելի են դարձնում համակարգը, որպեսզի ժամանակին միջամտեն խնդրին, ոչ թե թողնեն խնդիրը խորանա: Չոբանյանի վստահեցմամբ՝ Հայաստանում կա մի ընկերություն, որը ստեղծում է էներգետիկ համակարգի մոնիտորինգի հատուկ համակարգ. Ընկերությունն իր ապրանքն այսօր վաճառում է ամբողջ Արեւելքում, այդ համակարգերը լավագույն լուծումներից են, իսկ Հայաստանում չեն օգտվում այդ համակարգերից. «Այսինքն` Հայաստանում ունենք լուծումներ, որոնց միջոցով կարող են էապես տնտեսել ծախսերը, ուղղակի պետք է լինի պատրաստակամություն եւ կամք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930