Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստանիկ Մարուխյան. «Ես ընդամենն ուզում եմ օգտակար լինել իմ բուհին»

Հունիս 17,2015 14:43

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններին հաշված օրեր են մնացել: Թեկնածուները երկուսն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

Ոստանիկ Մարուխյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ որևէ մեկին չի դիմելու իրեն աջակցելու, սատարելու խնդրանքով. «Եթե ինձ բախտ վիճակվի պաշտոնավարել, շատ լավ, եթե չվիճակվի և ընտրվի պարոն Թոքմաջյանը՝ մրցակիցս, նրան առաջին շնորհավորողը ես կլինեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ իր համար առաջնայինը մարդկային հարաբերություններն են:

Հիշեցնենք, որ Ոստանիկ Մարուխյանը 2011 թվականի հուլիսի 25-ին է թողել բուհի ռեկտորի պաշտոնը. «Թողել եմ միայն ու միայն տարիքային սահմանափակման պատճառով: Այն ժամանակ համալսարանը ՊՈԱԿ էր, իսկ վերջինիս ղեկավարը չի կարող 65-ից բարձր տարիքի մարդ լինել»,- հստակեցրեց նա:

Նշենք, որ 69-ամյա Ոստանիկ Մարուխյանն այժմ ղեկավարում է Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնը: Ասում է, որ շատ է սիրում իր աշխատանքը, բայց քանի որ պատեհ առիթ է ստեղծվել, համալսարանը փոխել է իր կարգավիճակը՝ ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամի, նա որոշել է դնել իր թեկնածությունը (հիմնադրամի դեպքում տարիքային որևէ սահմանափակում չի դրվում – Ս. Հ.):

«Կարծում եմ՝ չպետք է զարմանալի թվա, որ ես իմ մեջ ուժ եմ տեսել և, կարծում եմ, եռանդ էլ ունեմ, աշխատելու ունակություն, կենսափորձ… Ես բավականին երկար ժամանակ է, որ աշխատում եմ համալսարանում: Եվ հազիվ թե այստեղ գտնեք մի ուրիշ անձի, որը պաշտոնական սանդղակի բոլոր աստիճաններով անցել է: Մինչև որոշումս ես երկար եմ մտածել ու կշռադատել, չեմ թաքցնում՝ նաև իմ գործընկերների կարծիքն եմ հարցրել՝ արդյոք կուզենայի՞ն նորից ինձ տեսնել այդտեղ, իրենց տպավորությամբ՝ արդյոք ես կարո՞ղ եմ ինչ-որ նոր որակներ բերել համալսարանին: Թեպետ պետք է ասեմ, որ վճռիս կտրականապես դեմ էր ընտանիքս: Բնական է, որ լրացուցիչ ծանր բեռ է լինելու, եթե Աստծու կամոք ես ընտրվեմ»,- ասաց ռեկտորի թեկնածուն՝ հույս հայտնելով, որ կշռադատված որոշում է կայացրել. «Ես շատ կուզենայի, որ սրա մեջ տեսնեին միայն այն իրողությունը, որ Մարուխյանը ինստիտուտը լավ է ճանաչում: Ես ընդամենն ուզում եմ օգտակար լինել իմ բուհին, և եթե հոգաբարձուների խորհուրդը գտնի, որ ես կարող եմ պաշտոնավարել, կստանձնեմ այդ պարտականությունների կատարումը»,- ասաց նա:

Ռեկտորի թեկնածուները համալսարանի զարգացման հայեցակարգի հիմնադրույթները (ծրագիրը) դեռևս դիմումի հետ են ներկայացրել հոգաբարձուների խորհրդին:

Ոստանիկ Մարուխյանը հարկ համարեց համառոտ անդրադառնալու իր ծրագրում տեղ գտած մի քանի առաջնահերթությունների. «Ես կադրային տեղաշարժի խնդիր եմ տեսնում. համալսարանը պետք է համալրվի նոր, թարմ ուժերով: Այն պետք է կարողանա օգտագործել իր ողջ նյութատեխնիկական և կադրային ներուժն ու հնարավորությունները՝ դառնալու ճարտարագիտության ոլորտում ազգային ընդհանուր շահերով առաջնորդվող, ազգային ու միջազգային մակարդակներում իր կողմից մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը, համադրելիությունը և մրցունակությունն ապահովող, աշխատաշուկայի անընդհատ փոփոխվող պահանջներին արագ արձագանքող կրթական միջավայր:

Իմ հայեցակարգային հիմնադրույթների մեջ հատուկ շեշտադրումներով ներկայացված են նաև այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են ինժեներական բուհի՝ Պոլիտեխնիկի առջև: Բուհը ուսանողների համար է, և այս առումով խնդիր ունենք ուսանողական համակազմի ներկայիս թվաքանակի պահպանման և հետագայում այն հնարավորինս մեծացնելու հետ կապված: Գաղտնիք չէ, որ ինժեներական կրթության գրավչությունը թուլացել է, և որակյալ կադրային ներուժի արտադրությունն ու զարգացումը այսօրվա կարևորագույն հիմնախնդիրներից մեկը պետք է լինի»:

Դառնալով Պոլիտեխնիկի մարզահամալիրի թնջուկին (ասում են՝ գումարներ են շրջանառվել, և քիչ գումար է մտել բյուջե, անգամ տարի է եղել, որ ընդհանրապես չի մտել)՝ Ոստանիկ Մարուխյանն ասաց, որ ինքը կարող է փաստաթղթերով ապացուցել, որ այդպիսի բան չի եղել:

«Մենք «Պոլիտեխնիկ» մարզական ակումբին շահագործման համար տվել ենք ոչ թե 3000, այլ ընդամենը 684 քառ. մետր տարածք՝ օրական 3.5 ժամով: Եվ միայն 2006-2007 ուսումնական տարում մեկ միլիոն 250 հազար դրամ գնացել է պետբյուջե»,- ասաց Մարուխյանը և հավելեց. «Ես հասկացել եմ նմանօրինակ հրապարակումների ենթատեքստը, հասկացել եմ՝ որտեղից է գալիս և ինչպես է, բայց ոչինչ չեմ ուզում ասել. Աստված տեսնում և դատում է վերևից: Ես իմ կեցվածքով, կենսակերպով ապացուցել եմ իմ շրջապատին՝ ով եմ և ինչպիսին եմ: Պարզապես, ինձ համար վիրավորական է, որ ես 1964 թվականից սկսած միշտ այս համալսարանում եմ եղել, նվիրված ծառայել եմ նրան, ու հանկարծ այդպիսի ակնարկներ: Պոլիտեխնիկն իմ տունն է, և եթե, Աստծու կամոք, ես ստանձնեմ ռեկտորի պաշտոնը, որևէ կերպ դուք չեք տեսնի ո´չ դիմագծի, ո´չ կենսակերպի փոփոխություն Մարուխյան անձի մեջ»:

Ինչ վերաբերում է իր ընտրվելու հավանականությանը, Մարուխյանը հավատացրեց, որ խորհրդի անդամներից որևէ մեկին այդ թեմայով երբևէ հարցում չի արել. «Դա անպատվաբեր բան կլինի, եթե ես մոտենամ-հարցնեմ՝ դու ի՞նձ ես քվերակելու, թե՞ մրցակցիս: Բայց բոլորս էլ գիտենք, որ աշխարհը շշուկներով լի է, և կողքից եկող ինֆորմացիայի տեսանկյունից լավատես եմ»,- ամփոփեց Ոստանիկ Մարուխյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930