Հունիսի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Սոցիալական աջակցության ծրագիր՝ Չինարիի անապահով ընտանիքների համար» ծրագիրը:
ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորներն այցելել են սահմանամերձ Չինարի համայնք։ Ընդ որում, դատարկաձեռն չէին գնացել: Նախորդ ծրագրերի ընթացքում գյուղի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքի հյուրասիրությունների սրահը սառնարանով ապահովելու խնդրանքը։ Սրահից տարբեր առիթներով օգտվում են համայնքի բնակիչները, և սառնարանային համակարգը խիստ անհրաժեշտություն է։ Ընդ որում, սառնարանների խնդիր ուներ նաև գյուղի մանկապարտեզը, որը նույնպես իր կարիքների համար կօգտագործի երիտասարդական հիմնադրամի հատկացրած տեխնիկան։
ՀԵՀ մարզային կենտրոնի կամավորները և աշխատակիցները եղան Չինարիի մանկապարտեզում, որտեղ մանուկները նրանց համար միջոցառում էին պատրաստել: Մասնակցեցին մանկապարտեզի ավարտական հանդեսին, շրջեցին մանկապարտեզի տարածքով, հանդիպեցին գյուղացիների հետ։
Կարդացեք նաև
ՀԵՀ մարզային կենտրոնների համակարգող Հայկ Մամիջանյանը նշում է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում, այդ թվում՝ Չինարիում։ Հայկ Մամիջանյանը նկատում է, որ սահմանամերձ համայնքի բնակիչներն ամուր կանգնած են իրենց հողին և զինվորների հետ պաշտպանում են ՀՀ սահմանները։ Գյուղացիների հետ շփումները ցույց են տվել, որ նրանք ավելի շատ կարևորում են ուշադրությունը, քան նյութական աջակցությունը։
Նշենք, որ Չինարիի գրեթե բոլոր ընտանիքներն այս տարի օգտվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրից, և գյուղի բոլոր ուսանողների ուսման վարձը փոխհատուցվել է Երիտասարդական հիմնադրամի կողմից։ Չինարիի բնակիչներն իրենց երախտագիտությունն էին հայտնում աջակցության համար և հույս հայտնում, որ սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը կլինի շարունակական։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն