Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «Բիբինը շանտաժի լեզվով է խոսում» (Տեսանյութ) 

Հունիս 17,2015 12:34

Հոսանքը կթանկանա 6,93 դրամով, այսօր այսպիսի որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Սակայն, քանի որ այս պահին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, նիստին ներկա պատգամավորներին ելույթի իրավունք է տալիս, հանձնաժողովի որոշումը դեռեւս քվեարկությամբ չի հաստատվել: Այսինքն՝ էլեկտրաէներգիայի մեկ կիլովատ ժամի ցերեկային սակագինը կլինի 48,78 դրամ՝ ներկայումս գործող 41.85 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 38,78 դրամ՝ 31.85 դրամի փոխարեն:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր հանձնաժողով էլեկտրաէներգիայի ներկայումս գործող սակագինը 17.8 դրամով թանկացնելու համար: Սակայն հանձնաժողովը միայն 6,93 դրամն էր իրատեսական համարել եւ սակագնի հաշվարկի մեջ հրաժարվել էր ներառել ՀԷՑ-ի սխալ մենեջմենթի արդյունքում կուտակված պարտքերից առաջացած գումարը, ինչպես նաեւ էլեկտրամատակարար ընկերության՝ գործունեության ընթացքում թույլ տված շռայլ ծախսերը:

Ըստ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ 23,4 միլիարդ դրամը օբյեկտիվ պատճառներով է, քանի որ ատոմակայանը նախատեսվածից ավելի է կանգնել, դրամ-դոլար փոխարժեքի տատանումներ ու սակավաջուր տարի է եղել:

Ըստ պարոն Նազարյանի, ՀԷՑ-ի ներկայացրած 37, 8 միլիարդ դրամից 23,4-ն իրատեսական համարել:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բացատրություն պահանջեց 6,93 դրամի համար, ինչին ի պատասխան Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն ասաց, թե այն չափը, որ որոշել է հանձնաժողովը, հիմնականում պայմանավորված է փոխարժեքի աճով. «Մնացած մասը ՀԷՑ-ի մասն է, բայց որեւէ առնչություն չունի իր վատ մենեջմենթի, նրա շռայլությունների հետ, բաշխիչ ցանցերի մասով որեւէ աճ տեղի չի ունեցել, ջրի սակավություն, 2013 թվականին ատոմակայանի կանգառ»:

Հովհաննես Մարգարյանն արձագանքեց. «Սա ազգային ժողովը չի, Բիբինն այսօր արհամարհելով հանձնաժողովին չի ներկայացել, քանի որ Բիբինը չկա, ես սպառող եմ, ուզում եմ հարցերիս պատասխան ստանալ. ումի՞ց ստանամ: Բիբինը ստախոս է համարում ձեզ, ի՞նչ եղավ այդ 22 միլիարդը, հո 22 դրամ չէ՞: Հանրային խորհուրդը կարծում է, որ վատ կառավարման արդյունքում են գոյացել այդ գումարները»:

Ռոբերտ Նազարյանին նույնպես վրդովվեցրել էր Բիբինի չներկայանալը: Պարոն Նազարյանի խոսքերով. «Բիբինը գրությամբ հանձնաժողովին մեղադրում է ոչ համակարգային մոտեցման մեջ: Լուրջ ուսումնասիրություն ենք արել, բազմաթիվ վերլուծություններ: Ես չեմ կարծում, որ Բիբինը ճիշտ ձեւ է ընտրել. առաջին անգամն է, որ 17 դրամի հայտ է ներկայացնում եւ չի ներկայանում: Ես բառեր չեմ ուզում ընտրել, քանի որ ցանկացած բառ կարող է մեղմ լինել: Ոնց որ ինքն է շանտաժի ճանապարհով խոսում, մենք էլ համապատասխան արձագանք կտանք»:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը նկատեց. «Այս բեռը տեղափոխել սպառողների եւ արտադրության վրա ճիշտ չէ, վատ է անդրադառնալու տնտեսության վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930