Մինչ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, հանձնաժողովի շենքի դիմաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները կոչ են անում դադարեցնել նիստը:
Այս պահին արդեն միջադեպ է սկսվել ոստիկանների ու երիտասարդների միջեւ: Ոստիկանները երիտասարդներին հրելով, քաշքշելով հեռացնում են հանձնաժողովի շենքի առջեւից:
Ակտիվիստները փորձում էին ներխուժել շենք եւ միջադեպը սկսվեց նրանից, որ ոստիկանները սկսեցին խոչընդոտել նրանց:
Կարդացեք նաև
Ակտիվիստներն էլ շարունակեցին ամոթանք տալ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որ հերթական անգամ սակագնի բարձրացման որոշում է ընդունելու: «Մեզ չեք հարգում, գոնե ձեզ հարգեք, պարոն Նազարյան, դադարեցրեք նիստը, հրավիրեք միջազգային աուդիտ եւ բացահայտեք ՀԷՑ-ի չարաշահումները: Հարգելի ոստիկանները, խոսքը 24 միլիարդի չարաշահումների մասին է, իսկ դուք ասում եք՝ մի մետր այս կողմ կանգնեք, մի մետր այն կողմ կանգնեք»,- ասում էին ակտիվիստները:
Իրավիճակը հանձնաժողովի շենքի դիմաց դեռ շարունակում է լարված մնալ: Երիտասարդները արդեն սկսել են քննադատել եւ վիրավորական խոսքեր ուղղել իշխանությունների հասցեին. «Երեկվա կոմսոմոլները, լկտի լամուկները, որոնք դարձել են այսօրվա ազատության ջատագովներ, ժողովրդի հետ վարվում են ինչպես ուզում են»:
Ակտիվիստները ժամանակ առ ժամանակ բացականչում են՝ «Երեք անգամ թանկացրել եք որ ի՞նչ անեք», «Թալանից 365 հազարը՝ շքեղ մեքենաներին»: Նրանք նաեւ այս արտահայտություններով ցուցապաստառներ են բերել իրենց հետ:
Այս պահին ոստիկանները գնալով շատանում են եւ նրանք բոլոր կողմերից շրջափակել են ակտիվիստներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ