Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի Մուշի բաժին է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով Հ. Ս.-ի հաշվառման և փաստացի բնակության վայրերում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին դատարանի որոշումները կատարելու և վերջինիս հարցաքննության կանչելու մասին ծանուցագրերը հանձնելու վերաբերյալ հանձնարարությունները:
Ոստիկանության աշխատակիցները հիշյալ հանձնարարությունների կատարման տվյալները տևական ժամանակ Շիրակի մարզային վարչությանը չեն հայտնել և խուզարկության արդյունքները քննիչին չեն տրամադրել: Այս կերպ՝ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները քննիչի վարույթում քննվող քրեական գործով հանձնարարությունները չկատարելով՝ առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, ինչի պատճառով քննիչը զրկվել է սահմանված կարգով քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական և ժամանակին կատարելու հնարավորությունից:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն