Դուք գնում եք որեւէ գետի մոտ՝ «քեֆի տեղ», եւ տեսնում եք, որ մի տեղ կույտ են արված պլաստիկ շշեր եւ այլ աղբ: Ի՞նչ եք դուք ամենայն հավանականությամբ անելու: Դուք հավանաբար կմտածեք. «Միեւնույն է՝ աղբը կա, իմ երկու-երեք շիշը որ ավելանա այս կույտին, դրանից առանձնապես ոչինչ չի փոխվելու, արի ես էլ իմ աղբն ավելացնեմ՝ նեղություն քաշելու եւ աղբը պարկի մեջ լցնելու փոխարեն»: Այդպես մտածող մարդկանց հինգ-վեց քեֆից հետո աղբի կույտը կավելանա երկու անգամ:
«Բոլորն են այդպես անում»: Սա է անպատասխանատվության ունիվերսալ բանաձեւը: Մարդիկ ավելի հարմարավետ են զգում, երբ ընդհանուր զանգվածից չեն տարբերվում: Եթե դուք նստած եք խնջույքի սեղանի շուրջ, եւ կուշտ ուտելուց հետո մարսողական գործընթացի ժամանակ տասը հոգի սկսում են խոսել այն մասին, որ «էս երկիրը հեչ ապրելու տեղ չի», «էս խեղճ ժողովուրդը կոտորվեց սովից», ապա դուք այդ սովորական հայկական երգացանկը լսելով եւ դրա հետ համաձայն չլինելով՝ լավագույն դեպքում կլռեք, իսկ վատագույն դեպքում կձայնակցեք այդ երգչախմբին: Թե չէ ձեզ կդասեն թալանչիների, գող ավազակների, մի խոսքով՝ հակահերոսների եւ բացասական կերպարների շարքին:
Հոգեբանների բազմաթիվ փորձեր հաստատում են՝ «բոլորն այդպես են անում» բանաձեւը շատ ավելի գործուն է, քան այս կամ այն գործողության, ապրանքի օգտակարությունը հաստատող փաստարկները: Ասենք, դուք կարող եք օրը տասն անգամ լսել, որ առավոտյան վազքն օգտակար է, զարգացնում է այս կամ այն մկանները, բարելավում է արյան շրջանառությունը եւ այլն: Բայց տասն անգամ ավելի հավանական է, որ դուք դա կանեք, եթե ձեզ ասեն, որ ձեր շենքի բոլոր բնակիչներն ամեն օր վազում են շենքի շուրջը:
Հասարակական խնդիրները լուծելու տարբերակներից մեկն է՝ ստեղծել «դիմադրության կենտրոններ», բայց ոչ թե «ռեժիմին» (որովհետեւ «ռեժիմը» ստեղծվում է «բոլորն այդպես են անում» նախրային բնազդի հիման վրա), այլ հենց այդ բնազդին դիմակայելու «օջախներ»: Դրանք կարող են ստեղծվել ընտանիքում, աշխատավայրում, հասարակական միջավայրում (բայց ոչ՝ արհեստական ՀԿ-ներում):
Դրա համար պետք է մշակել նախրից տարբերվող խաղի կանոններ եւ սկզբունքներ: Մի քանի այդպիսի սկզբունքի մասին ես արդեն մտածել եմ: Բայց այդ մասին՝ հաջորդ անգամ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե մարդս մարդ լինի – ապա պլաստիկ շշերն էլ տոպրակում կլինի . Եթե բոլորն ասում են «գնանք քցվենք ջուրը , ուրեմն բոլորը քցվում են ?» Պարզ է որ, ով լողալ չգիտի , չի քցվի…
Դառավ գժի պատմությունը .
Որ գժերը հերթ են կանգնում բանալու անցքից նայելու. Մի «մարդ» ել տեսնելով որ «բոլորը նայում են » ինքն էլ է հերթ կանգնում որ «բոլորի պես » նայի.
Երբ հերթը հասնում է , տեսնում է «բանալու անցքից բան չի երեվում» , կոխքինին հարցնում է թե էտ ինչ եք նայում , կոխքինն էլ ասում ե « մենք էտքան նայինք բան չտեսանք , դու ուզում ես մի անգամից տենաս ?»
Եթե մարդ տարրական կուլտուրա է ունենում , ապա «բոլորի» ասածը «ձայների մեծամասնության» տեղ չի ընդունում իր համոզմունքները «վերափոխելու» համար.
Հայաստանում ամէն կողմ շպրտուած եւ կուտակուած աղբերը իսկական խնդիր են, եւ ոչ միայն – բառացիօրէն – երեւոյթների մակարդակի վրայ:
Բնապահպանութեամբ մտահոգ ակտիվիստները, փոխանակ աւելի «մեծ» նիւթերով զբաղուելու, պէտք է որ նախ եւ առաջ լծուին այս հիմնական խնդրի լուծման, որպէս անմիջական առաջնահերթութիւն: Նոյնիսկ եթէ այս մէկը աւելի խոնարհ աշխատանք է, նուազ երեւելի, նուազ թատրոնային գործ է…
Անհասկնալի է այն հոգեբանութիւնը որ երկրի մը բնակիչները մղում է այս աստիճան աղտոտելու, կեղտելու, անարգելու իրենց երկիրը:
Այս պարագային, կարելի չէ ասել թէ ամէն բանից զզուած լինելու պատճառով է որ անոնց հոգը չէ անգամ բնութեան գեղեցկութեան քայքայումը եւ ընդհանրապէս հանրային վայրերի տարրական մաքրութիւնը, որովհետեւ փաստօրէն, ինչպէս վերեւ լաւապէս նկարագրուած է, այդ աղբերը աչ-ձախ թափողները յաճախ քեֆի եւ վայելքի ժամանակ է որ, զուարճաբար, գործում այդ աւերը:
Նաեւ յատկանշական է որ նոյն անձիքը, որ այդպէս` իսկական աղբանոցի են վերածում հանրային վայրերը, միշտ մաքուր են պահում իրենց սեփական բնակարանները… Նոյն ակընյայտ հակասութիւնը կարելի է տեսնել որեւէ շէնքի պարագային, բաղդատելով հասարակաց բաժիննները ողբալի վիճակը՝ բնակութեան անձնական միաւորների միշտ մաքուր ու խնամուած տեսքին հետ…
Երեւի այստեղ է խնդրի խոր պատճառը: Կարգ մը քաղաքացիներ չեն հասկանում թէ ինչ է նշանականում հաւաքական սեփականութիւն, հանրային ինչքի նկատմամբ յարգանք, հաւաքական մաքրութեան պատասխանատվութիւն, նախանձախնդրութիւն… Իրենց համար, այդ՝ իրենց գործը չի…
Այս ել պատճառներից մէկն է որ համայն երկիրը դանդաղօրէն է ոտքի կանգնում…
Պրիմիտիվիզմի գլուխգործոց…
«էդ երկիրը ապրելու տեղ ա» թե չէ, որոշում է՝ ոչ թէ «ով ինչ կասի»-ն, այլ՝ գույություն ունեն հասարակության վիճակը ներկայացնող պարամետրերի մի մեծ հավաքածու (ոչ ձեր կողմից ներկայացվող ստատիստիկան տվյալները՝ իհարկե..)))..) որոնք ակնառու ցույց են տալիս, թե որ երկիրն է «ապրելու տեղ», որը՝ ոչ։ Այսօրվա դրությամբ, հաշվի առնելով «ապրելու տեղի» ժամանակակից ստանդարտները՝ Հայաստանը «ապրելու տեղ» չի։
Եթե բնակչության մի զգալի հատվածի եկամուտները չեն բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի համար (ևս մի անգամ՝ որոշված ոչ թե ձեր «կառավարության» չափանիշներով, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության)՝ ուրեմն՝ «էս խեղճ ժողովուրդը կոտորվեց սովից»։
Ւնչ վերաբերվում է վազելուն՝ ապա մնացածը չգիտեմ, բայց ես կվազեմ եթե Ամեն օր, ուղիղ եթերով տեսնեմ, որ Ա. Աբրահամյանը վազում է իրենց շենքի շուրջը…)))..
Եվ թող ոչ մի զոհ չպահանջվի ՁԵԶԱՆՒՑ բացի ..)))).. այ «մեծն մտածողաց»..)))..
Ինքնակազմակերպման կայուն օջախներ հարկավոր են անշուշտ, նշանակալի տեղաշարժի համար: Հանպատրաստի բազմության միջոցով դժվար է հասնել որեւէ լուրջ արդյունքի: Այդպիսի բջիջների ձեւավորման համար բնական հիմք են եղել աշխատավորական հզոր կոլեկտիվները, որոնք չկան արդեն, խոշոր ձեռնարկությունների հետ միասին: Նման միջավայրի առաջացումը եւ պայման թելադրող, հզոր պահանջատիրոջ ձեւավորումը գործնականում անհնար է ՀՀ – ում, քանի որ արտադրությունը կենտրոնացված է իշխանական օլիգարխիայի հսկողության տակ եւ արդեն իսկ չնչին դեր է խաղում երկրի կյանքում: Ժողովուրդն այսպիսով դրված է սովյալի ու խնամարկյալի ցածրագույն կարգավիճակում՝ օլիգոպոլիայի ուղղակի “հոգածության” տակ, այդ իսկ պատճառով չափազանց հեշտ կառավարելի՝ հարկավոր պահին փշրանքներ նետելով: Իհարկե, հնարավոր են այս եւ այն ըմբոստ դրսեւորումներ նույնպես՝ նրանց կողմից ովքեր դեռեւս ի վիճակի են իրենց անկախ հացն ուտելու: Այս դեպքի համար երդվյալ օպրիչնիկների կիսալեգալ դաս է ստեղծված՝ սակայն ոչ այնքան սակավաթիվ ըմբոստների դեմ, որքան հնազանդեցրած բոյարներին ձիգ ու խելոք պահելու համար: Նման պարագայում պատմությունը երկու ելք է մատնանշում – կամ թույն ու դաշյուն են աշխատել, կամ տեղի է ունեցել իշխանության բնական մահ՝ այդ երկրի հետ միասին: