Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լավ, բա տնտեսվարողներն ո՞ւմ դիմեն

Հունիս 17,2015 14:30

Գուցե վարչապե՞տը հուշի, թե Արշակունյաց փողոցի տնտեսվարողները ում դիմեն, որ նրանց բիզնեսին խոչընդոտող խնդիրը լուծում ստանա

Տարիներ շարունակ պետբյուջե հարկուտուրքեր վճարած 11 տնտեսվարող, որոնք բիզնես են ծավալում Արշակունյաց 2 հասցեում՝ Մամուլի շենքի հարեւանությամբ, անելանելի վիճակում են, սակայն նրանց հարցով որեւէ պետական գերատեսչություն չի ցանկանում զբաղվել, գործարարներին հուզող խնդիրը լուծել: «Առավոտն» իր 11.06.2015 թվականի «Տնտեսվարողների խնդիրը չեն լուծում, բայց հարյուր հազարների տուգանքների են ենթարկում» հրապարակմամբ արդեն անդրադարձել է նշյալ հասցեի գործարարների բողոքին, որտեղ տնտեսվարողները մանրամասն ներկայացնում են, թե ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենքի պատճառով ինչպիսի ֆինանսական վնասներ են կրում: Երկու տարի շարունակ այս հասցեում գործող խանութների սեփականատերերը, նրանց ապրանք մատակարարողներն ու այդ խանութների ծառայություններից օգտվող վարորդ-հաճախորդները ենթարկվում են հսկայական տուգանքների, ինչ է թե՝ խանութներին մոտենալու համար մեքենաները օգտվում են մայթից:

Այս փողոցում այլ կերպ հնարավոր էլ չէ. որքան էլ վարորդն ուզի, չի կարող մեքենան փողոցում կանգնեցնել: Նախ՝ փողոցի երկայնքով տեղ չկա, եւ բացի այդ, այս խանութներից այնպիսի ապրանքներ են գնում կամ այդ խանութներին այնպիսի ապրանքներ են մատակարարվում, որ մեքենաները ստիպված են մոտ կանգնել խանութներին: Հակառակ դեպքում մարդը պետք է տասնյակ մետրեր անցնի, որպեսզի ապրանքը տեղավորի ավտոմեքենայում: Եվ այդ ապրանքը ասենք՝ կարող է մեծ չափերի ապակի, երկաթե կամ փայտե շրջանակ լինի, ինչը փողոցով բռնած քայլելն ավելի վտանգավոր է թե՛ տվյալ մարդու եւ թե՛ շրջապատի համար: Արդեն նշել էինք, որ խանութներից մեկի սեփականատերը 160 հազար դրամի տուգանվել է միայն նրա համար, որ խանութի մեքենաները մայթից մեծ արկղերով ապրանք են մատակարարել: Գործարարներին տուգանքների ենթարկում է Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում տեղադրված տեսախցիկը:

Արշակունյաց 2 հասցեի տնտեսվարողները դիմել էին Երեւանի քաղաքապետարան, Ճանապարհային ոստիկանություն, այսինքն՝ այն կառույցներին, որոնք ի պաշտոնե կոչված են նմանատիպ խնդիրներով զբաղվելու: Ճանապարհային ոստիկանությունը գործարարներին հայտնել էր, որ մայթերը քաղաքապետարանին են պատկանում, եւ քաղաքապետարանը պետք է այս հարցը բարձրացնի: «Առավոտի» հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանել էին՝ Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենքով մայթին կայանելն արգելվում է, իսկ օրենքի խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Ոստիկանությունից նաեւ ասել էին, որ իրենք իրենց գործն են անում, եւ եթե քաղաքապետարանն այդ հարցի լուծումը գտնի, ճանապարհային ոստիկանությունը վարորդներին չի անհանգստացնի: Այս հարցով դիմել էինք նաեւ Երեւանի քաղաքապետարան՝ մանրամասն նկարագրելով իրավիճակը: Պատասխանը ստացանք երեկ: Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունից մեր հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու կամ արդյոք լուծվելո՞ւ է տնտեսվարողներին հուզող այս խնդիրը, պատասխանել էին՝ ճանապարհային երթեւեկության կարգավորման հարցը դուրս է Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակից:

Այլ կերպ ասած՝ Երեւանի քաղաքապետարանը ձեռքերը լվացել մի կողմ է քաշվել՝ խուսափելով ավելորդ քաշքշուկների մեջ ընկնելուց, մինչդեռ եթե մայթը քաղաքապետարանի ենթակայությամբ է, ապա վերջինս պետք է այլ կառույցների հետ համատեղ լուծում գտնի գործարարներին հուզող խնդիրը վերացնելու համար, ընդհուպ օրենսդրական փոփոխության ճանապարհով, որպեսզի ոստիկանությունն էլ տարանջատի, թե ո՛ր դեպքում կարող է օրենքը կիրառել, ո՛ր դեպքում՝ բացառություն անել: Ի դեպ, քաղաքապետարանի պաշտոնյաներն այդ նույն գործարարների վճարած հարկերից են աշխատավարձ ստանում:

«Եթե օրենքին են հղում անում, ուրեմն թող անվճար համապատասխան կայանատեղիներ հատկացնեն, որպեսզի կարողանանք օգտվել, բայց հիմի իրենք չեն կարողանում ոչ մի կերպ այսքան շատացած մեքենաների հարցը լուծել եւ մեզնից պահանջում են ենթարկվել օրենքին: Մենք այլ տարբերակ չունենք եւ ուզենք թե չուզենք՝ ստիպված բարձրանում ենք մայթին»,- մեզ հետ զրույցում ասում էին գործարարները, որոնք այս խնդրի պատճառով արդեն զգալի թվով հաճախորդներ են կորցրել: Այս խանութներից օգտվող հաճախորդը, եթե անգամ մի քանի րոպեով մոտենում է խանութներից որեւէ մեկին՝ ապրանքը ավտոմեքենայի մեջ դնելու եւ, ասենք, 5 հազար դրամի ապրանք է գնում, ապա 20 հազար դրամ տուգանվում է: Այդ պատճառով էլ հաճախորդները երկրորդ անգամ խուսափում են այդ հատվածից գնումներ կատարել:

Նկատենք, որ խանութների դիմացի փողոցի երկայնքով էլ ոչ մի սանտիմետր ազատ տեղ չկա, քանի որ այստեղ էլ կարմիր գծեր են քաշված՝ վճարովի ավտոկայանատեղի է, եւ փոխարենն այդ տարածքը կահավորեին որպես այս խանութների համար ավտոկայանատեղի, քաղաքապետարանը նախընտրել է «Փարքինգ սիթի սերվիզին» տրամադրել՝ շահույթ ստանալու նպատակով, իսկ թե գործարարներն ինչ վնասներ կկրեն՝ քաղաքապետարանին առանձնապես չի հետաքրքրում:

Տնտեսվարողները պատրաստվում են նամակով դիմել վարչապետին, որպեսզի գոնե նա մատնանշի այն կառույցը, որտեղ կարող են այս խնդրով զբաղվել եւ գործարարներին ազատել արհեստական ստեղծված խոչընդոտից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930