Փաստաբան Հակոբ Ճարոյանի դիտարկմամբ, եթե նախաքննության մարմինը որոշել է, թե ովքեր են ամբաստանյալները, նրանց, չգիտես ինչու, չի հետաքրքրել, թե ովքեր են վկաները, ինչ են ասել, ինչպիսի կեղծ փաստաթղթեր են ներկայացրել:
Պաշտպանության նախարարության շինվարչության պետի՝ տուժող Արմեն Սարգսյանի գործով մեղադրվող Արթուր Քանանյանի ու «Ցեոֆոս» ՓԲ ընկերության տնօրեն Վարդան Երիցյանի քրեական գործով դատաքննությունն ավարտվեց հունիսի 10-ին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի դատավճռով Արթուր Քանանյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Վարդան Երիցյանը՝ 6 տարի 3 ամիս 15 օր ազատազրկման:
Դատարանը հաստատված համարեց այն, որ Վարդան Երիցյանը, ոմն Մուշեղի հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, տուժող Արմեն Սարգսյանից խարդախությամբ հափշտակել է 1.200 մմ տրամաչափի ընդհանուր 930,27 գծամետր խողովակների արժեքը կազմող 47. 589. 395 ՀՀ դրամին համարժեք 103. 408 ԱՄՆ դոլար:
Մեկ այլ դրվագով, Վարդան Երիցյանը ոմն Մուշեղի եւ Արթուր Քանանյանի հետ նախնական համաձայնությամբ Արմեն Սարգսյանից խարդախությամբ հափշտակել են 1.500 գծամետր խողովակների արժեքը կազմող 76. 735.429 ՀՀ դրամին համարժեք 166. 740 ԱՄՆ դոլար:
Կարդացեք նաև
Այսինքն՝ հափշտակել են ընդհանուր 124.324.824 ՀՀ դրամին համարժեք 270.148 ԱՄՆ դոլար:
Մինչ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելը, Վարդան Երիցյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը դատավճռի հաջորդ օրը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Ըստ փաստաբանի, մեղադրյալներին առաջադրված մեղադրանքից հետեւում է, որ նրանք հափշտակել են Արմեն Սարգսյանին պատկանող 270. 000 ԱՄՆ դոլար գումարը. «Հափշտակված գումարի չափի տեսակետից մեղադրանքն ակնհայտ անհիմն է: Գործով տուժող ճանաչված Արմեն Սարգսյանից հափշտակված 270.000 ԱՄՆ դոլար գումարից 50. 000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակել է գործով վկա Արմեն Գեւորգյանը»:
Փաստաբանն անհրաժեշտ է համարում քրեական գործ հարուցել այս վկայի նկատմամբ, քանի որ, ըստ նրա, ակնհայտ սուտ վկայություններ են դրվել գործի հիմքում:
Պահանջը հետեւյալն է. «Արմեն Սարգսյանին պատկանող 50. 000 ԱՄՆ դոլարը հափշտակելու, գործով նախաքննության եւ դատաքննության ժամանակ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար Արմեն Գեւորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքի մասին»:
Դատավճռի հրապարակումից հետո փաստաբանն «Առավոտին» ասաց. «Այն գումարները, որոնք իբրեւ թե ծախսել է Արմեն Սարգսյանը, դրանք քրեական գործով եղել են պաշտպանության նախարարության գումարները: Ինչ-ինչ գումարներ, որոնց մասին խոսվեց որպես ատկատներ, կաշառք: Արթուր Քանանյանը դատարանում հստակ հայտնեց, որ արել է գործարք, Արմեն Սարգսյանին տվել է ատկատներ, տվել է կաշառք»:
Ինչպես դատական նիստերից մեկը լուսաբանելիս (21.05. 2015թ. «Պաշտպանի կարծիքով՝ ՀԷԿ-ի համար շրջանառվածը պաշտպանության նախարարության գումարներն են») տեղեկացրել ենք, դեռեւս 2005թ.-ին Արմեն Սարգսյանը ցանկացել է Գառնիի ձորում ՀԷԿ կառուցել, կառուցման մասին իր տեղակալ Արմեն Գեւորգյանին է հայտնել, եւ Արցախի ՊԲ շինվարչության պետ Յուրա Ղազարյանի հետ որոշել են գնել խողովակներ:
Այդ խողովակների հետ կապված հարցն էլ մտել էր դատարան, իբրեւ թե Արմեն Սարգսյանը տվել է գումարներ, կրել է վնասներ, քանի որ ամբաստանյալները խողովակները ձեռք չեն բերել:
«Իմ կարծիքով՝ այդ գումարներն առաջացել են շատ էժան գնով «Կասկադում» 7000 մետր հող գնելու արդյունքում: Մյուս կողմից էլ՝ այդ խոշոր չափի կանխիկ գումարների հետ կապված, չգիտես ինչու, ՊՆ աշխատակցին մեղադրանք չի առաջադրվել: Նախաքննության մարմնին մի՞թե չի հետաքրքրել, թե ինչպես է կանխիկ գործարքներ իրականացվել: Չէ՞ որ կար խստիվ սահմանափակումներ կանխիկ գումարների հետ կապված:
Ասում են Ա. Սարգսյանի անունով չգրեցինք, որովհետեւ ինքը հրաժարվում էր իր անունով գրելուց խողովակները: Եթե մաքուր գումարներ են եղել, ինչո՞ւ է խուսափել»,- հարցնում է պաշտպանը:
Նա գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրել է մեկ այլ հանգամանքի վրա. 2005-ի խողովակների գնման մասին Սարգսյանը լռել է մինչեւ 2008թ. աշխատանքից ազատվելը. «Ինչո՞ւ դիմեցիր իրավապահ մարմիններին միայն 2010 թվականին:
Աբսուրդը այն է, որ մեղադրանք է առաջադրվել փաստաթղթերի պատճենների հիման վրա: Այսինքն՝ ոչ բնօրինակի: Այս գործի հիմքում դրված են դրամարկղի մուտքի օրդեր-ստացական-հաշիվ-ֆակտուրայի պատճենները: Հետեւանքը պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե սկսեն մեղադրանքի հիմքում նման փաստաթղթեր դնել: Ցանկացած անձ կարող է հղում կատարել մի փաստաթղթի, որը պատշաճ չի»:
Իսկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին էլ փաստաբանը հայտնել էր, որ ամբողջ գործի նյութերին ծանոթանալուց հետո իր համար ակնհայտ է դարձել, թե ով իրականում ինչ ցուցմունք է տվել, ինչ կեղծ փաստաթղթեր կան, ովքեր են կեղծել:
Մեկ այլ պահանջ էլ կար. վկա Վլադիմիր Քոչինյանին (Կենտկոմի նախկին քարտուղար Քոչինյանի թոռը) կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու, ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:
Փաստաբանի գնահատմամբ, մեզանում շատ քիչ են դեպքերը, երբ անձին քրեական պատասխանատվության են ենթարկում սուտ վկայության համար:
Անդրադառնալով մեկ այլ վկայի՝ Ա. Լ. Մելոյանին, փաստաբանը վկայակոչել էր նրա ցուցմունքը: «Որքան հիշում եմ՝ 2005թ. օգոստոս, թե սեպտեմբեր ամիսներին Ա. Սարգսյանն արձակուրդ մեկնելուց առաջ ինձ ասաց, որ կզանգահարի ինձ, որից հետո ինձ մոտ կգան Ա. Քանանյանը եւ այն ժամանակ Ա. Սարգսյանի տեղակալ Արմեն Գեւորգյանը, եւ ես այդ գումարներից որոշակի գումար կտամ նրանց: Ա. Սարգսյանի՝ արձակուրդում եղած ժամանակ նա 4, թե 5 անգամ զանգահարել է ինձ, որից հետո եկել են Ա. Քանանյանը եւ Ա. Գեւորգյանը, որոնց ես տվել եմ իմ մոտ եղած 435.000 ԱՄՆ դոլարից նրանց պահանջած գումարը, ընդհանուր առմամբ ես Ա. Քանանյանին եւ Ա. Գեւորգյանին տվել եմ, որքանով որ հիշում եմ՝ մոտ 270 հազար ԱՄՆ դոլար»:
Հարցին, թե կարո՞ղ եք ասել, թե ո՞վ եւ որքա՞ն գումար է ձեզնից վերցրել Արմեն Սարգսյանի ասելով, ձեզ մոտ նրա մնացած 430.000 դոլարից, այս վկան հայտնել էր. «Արմեն Սարգսյանն ինձ մի քանի անգամ զանգահարել է, ասել է, որ Արթուրը կգա՝ գումար տամ, որը ես արել եմ, թե որքա՞ն եմ տվել, որ նա տանի՝ չեմ հիշում, որ ասեմ: Դրա վերաբերյալ որեւէ փաստաթղթային ձեւակերպումներ չեմ կատարել, իսկ մնացած գումարն էլ Արմեն Սարգսյանի արձակուրդից վերադառնալուց հետո տվել եմ նրան, եւ նա գումարի հետ կապված ինձ որեւէ բան չի ասել, եթե ինչ-որ խնդիրներ լինեին այդ ժամանակ գումարի հարցով, ապա նա այն ժամանակ ինձ ասած կլիներ այդ մասին»:
Փաստաբանն ուշադրություն է հրավիրում նաեւ Արթուր Քանանյանի տված հակասական, տարբեր ցուցմունքների վրա, որոնց դատարանն իրավական գնահատական չի տվել:
«Հիմնավորել եմ իմ դիմումում, թե ինչու պետք է Արթուր Քանանյանը քրեական պատասխանատվության ենթարկվի:
Ինչու պետք է քրեական գործ հարուցվի: Նախ, կպարզվի ով ով է, ով ինչ հանցագործություն է կատարել, եւ նախադեպ կարող է հանդիսանալ, որ պատճենը չդրվի քրեական գործի նյութերի մեջ»,- ասում է Հակոբ Ճարոյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.06.2015