Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օպերային ներկայացումներ գյուղերում էլ կտեսնեն

Հունիս 17,2015 13:30

Հավաստիացնում է դիրիժոր Կարեն Դուրգարյանը

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի (լուսանկարում) ստեղծագործական համագործակցությունը Թաթարստանի Մ. Ջալիլյայի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի հետ սկսվել է 2009 թ.-ից: Այդ թատրոնում հայ դիրիժորը ղեկավարել է Վերդիի «Տրուբադուր», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերային, Մինկուսի «Դոն Կիխոտ», Ադանի «Ժիզել», Չայկովսկու «Կարապի լիճ» բալետային ներկայացումները եւ այլն: Նախօրեին Կարեն Դուրգարյանը վերադարձավ Կազանից, որտեղ ղեկավարել է Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը նվիրված էր Եղեռնի 100-րդ տարելիցին:

«Առավոտի» հետ զրույցում դիրիժորը նշեց, որ Կազանի օպերային թատրոնը հարուստ ավանդույթներ ունեցող մշակութային օջախ է, որտեղ անցկացվում են օպերային եւ բալետային արվեստի այնպիսի հեղինակավոր միջազգային փառատոներ, ինչպիսին են Ֆեոդոր Շալյապինի եւ Ռուդոլֆ Նուրիեւի անվան փառատոները: Մեր զրուցակիցը հիացմունք արտահայտելով տեղի ունկնդրի մասին՝ ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում աշնանը Կազանի օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներից իր ղեկավարությամբ եվրոպական մի շարք երկրներում ցուցադրելու կապակցությամբ:

Karen_Durgaryan-2

Շատ չծավալվելով կայացած հյուրախաղից, Կարեն Դուրգարյանը մեզ հետ «կիսեց» իր տպավորությունը վերջերս Ջերմուկում, Արարատի շրջանի Տափերական գյուղում եւ Արցախում Ալիս Հեքիմբաշյանի ռեժիսուրայով «Անուշ» օպերայի «մինի» տարբերակը ներկայացնելու առիթով. «Մենք ոչ թե պետք է կարողանանք, այլ պարտավոր ենք մարզերի հանդիսատեսին ներկայացնել կամ գուցե ծանոթացնել օպերային արվեստի հետ: Եթե, ասենք, տվյալ գյուղը համապատասխան մշակույթի տուն չունի, ապա կարելի է գնալ գյուղ՝ կամերային տարբեր կազմերով, թատրոնի մեներգիչներով: Ի դեպ, վերջիններս երեւանյան շուրջ 10 դպրոցներում արդեն ունեցել են ելույթներ, սակայն դրանով չենք բավարարվում ու մտադրված ենք նման միջոցառումներ անցկացնել նաեւ մարզերում: Ի վերջո, այսօրվա դպրոցականը մեր վաղվա հանդիսատեսն է»,- ասաց արվեստագետը ու առանց փակագծերը բացելու հավելեց, թե նախապատրաստում են մեծ փաթեթ՝ «Անուշը» արտերկրում ներկայացնելու նպատակով: Անդրադառնալով մարզերի հանդիսատեսին, դիրիժորը նշեց նաեւ, որ նրանք ներկայացել էին հավուր պատշաճի հագնված եւ տոնական տրամադրությամբ: Ասաց նաեւ, որ ոչ միայն իրենք, այլեւ երեւանյան մյուս թատրոնները պետք է մշտապես իրենց ուշադրության կենտրոնում պահեն նաեւ մարզային հանդիսատեսին:

Հետաքրքրվեցինք, թե այս թատերաշրջանում ի վերջո կկայանա՞ Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան: Կարեն Դուրգարյանը հավաստիացրեց, որ ընթացիկ թատերաշրջանը կեզրափակվի Բիզեի «Կարմենով» եւ Ադանի «Ժիզել» բալետի վերականգնված ներկայացումով: Ասաց նաեւ, թե ընթանում են Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի փորձերը, իսկ սեպտեմբերից կսկսեն աշխատանքները Լեոնկավալոյի «Պայացներ», Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերաների:

Մենք կապվեցինք Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանի հետ: Նա նշեց, որ 1929թ. գյուղը հիմնադրել են իր պապերը: Պարոն Մանասերյանի ձեւակերպմամբ, «Անուշ» ներկայացմամբ գյուղ են վերադառնում մշակութային ավանդույթները. «Մեր գյուղում, որի նախկին անունը Կիրովի անվան սովխոզ էր, ժամանակին ելույթ են ունեցել անվանի շատ արվեստագետներ, այդ թվում՝ Վահրամ Փափազյանը: Իսկ վերջերս կայացած «Անուշով» տպավորված են գյուղացիները, վերջապես շփվեցինք բարձր մշակույթի հետ, բարձրագույն մշակութային գործիչների հետ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում օպերային թատրոնին. նման արտիստները բարեգործությամբ հանդես եկան գյուղում, իսկ ցածր մշակույթ ներկայացնողները սովորաբար չեն էլ ուզում լսել գյուղի ու գյուղացու անունը, էլ ուր մնաց՝ բարեգործություն անեն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930