Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիից Շուշի» ցուցահանդեսը «հասավ» Էջմիածին

Հունիս 17,2015 12:30

Իսկ աշնանը հնարավոր է՝ այն շրջագայի արտասահմանում

Հունիսի 19-ին Էջմիածնի Մաչանենց պատկերասրահում կկայանա «Շուշիից Շուշի» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որը նախաձեռնել է ART PR ընկերությունը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ART PR ընկերության տնօրեն, ցուցահանդեսի համադրող Գայանե Դավթյանը, «Շուշիից Շուշին» մեծ արձագանք է գտել եւ Շուշի քաղաքում, որտեղ ցուցադրվել է մայիսի 8-ին, եւ Գյումրիում: Ինչ վերաբերում է Էջմիածնում կայանալիք 3-րդ ցուցադրությանը, որ կուղեկցվի երաժշտությամբ եւ գինու համտեսով, նրանից եւս մեծ ակնկալիքներ ունեն:

Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի լուսանկարիչներ Հակոբ Բերբերյանի, Զավեն Խաչիկյանի, Ռուբեն Մանգասարյանի (հետահայաց), Տիգրան Մանգասարյանի, Աշոտ Մուրադյանի եւ Մաքս Սիվասլյանի բացառիկ ֆոտոշարքերը, որոնք թվագրված են 1992թ.-ից մինչեւ մեր օրերը:

Shushiic_Shushi_2 Shushiic_Shushi_1 Shushiic_Shushi_4

«Մենք ուզում էինք, որ «Շուշիից Շուշին» պտտվի, եւ որպես շրջիկ ցուցահանդես՝ շատ վայրերում լինի: Մենք նույնիսկ արտասահմանից ենք հրավերներ ստացել եւ շատ հնարավոր է, որ ցուցահանդեսն աշնանը պտտվի արտասահմանում եւս: Բոլոր միջոցառումները կենտրոնացած են Երեւանում, ու մեր նպատակը ցուցահանդեսը Երեւանից դուրս բերելն էր: Ուրախ ենք, որ «Շուշիից Շուշի» ցուցահանդեսը ջերմ ընդունվեց: Հույս ունենք, որ նույնը Էջմիածնում կլինի, այնտեղ էլ կլինեն քաղաքային իշխանությունները, արվեստագետներ, մանկավարժներ: Հավելեմ, որ «Շուշիից Շուշին» իրականացվեց առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով: Նախագիծն իր բացառիկությամբ գրավեց հանրությանը, որովհետեւ այստեղ բացառիկ լուսանկարներ կային, եւ 6 լուսանկարիչները, որոնք մասնակցեցին ցուցահանդեսին, իրենց անձնական արխիվից սիրով տրամադրեցին այդ լուսանկարները»,- հայտնեց տիկին Դավթյանը:

ART PR ընկերության տնօրենը նշեց, որ Շուշիում եւ Գյումրիում ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներ, նրանք հրավիրված են նաեւ Էջմիածնի ցուցադրությանը:

«Շուշիից Շուշի» նախագիծը նպատակ ուներ՝ օգնել Շուշիին, ավելի լայն հասարակությանը ներկայացնել Շուշին՝ որպես մշակութային քաղաք, արվեստի կենտրոն եւ չնաշխարհիկ բնակավայր: Ցավոք, Շուշին այսօր բնակեցված չէ, եւ մեր խնդիրներից մեկն է կոչ անել «դրսում» ապրող շուշեցիներին, որ վերադառնան իրենց ծննդավայր եւ ծաղկեցնեն այն: Անձամբ ինձ համար էլ Շուշին բացառիկ ձգողականություն ունի ու ամենաչքնաղ վայրերից մեկն է Արցախում եւ Հայաստանում»,- հավելեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, լուսանկարների միջոցով ցանկացել են եւս մեկ անգամ վերհիշել ու հատկապես նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին. «Սա նախեւառաջ հարգանքի տուրք եւ խոնարհում է՝ Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ։ Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձում ենք անցնել հաղթանակած տարիների միջով. ինչպիսին էր 92թ.-ի Շուշին, ինչպիսին՝ այսօրվա Շուշին։ Ներկայացված ֆոտոշարքերը մինչ այսօր դեռ որեւէ տեղ ցուցադրված կամ հրապարակված չեն եղել»,- ասաց Գայանե Դավթյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է
ԳԱՅԱՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930