Վաղը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա չեն անցկացնի, մինչ հանձնաժողովը կորոշի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
«Մենք հանձնաժողովից ոչ մի ակնկալիք, ոչ մի պահանջ չունենք: Անիմաստ ենք համարում այնտեղ ակցիա անցկացնելը, որովհետեւ նույն առուն երկու անգամ մտնելը սխալ է՝ հաշվի առնելով անցյալ տարվա մեր դառը փորձը: Երբ այնտեղ փորձեցինք ակցիա անցկացնել, կարելի է ասել, սրբեցին մեզ՝ բոլորիս: Եղան ձերբակալություններ, դատական գործեր, որոնք մինչեւ այսօր ուժի մեջ են, ու չենք կարողանում հարցի լուծում ստանալ».- Aravot.am-ին ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումները ակտիվիստը համարում է ցուցադրական լսումներ, որն իրենից արժեք չէր ներկայացնում, որովհետեւ. «Վաղուցվանից թե վարչապետը, թե հանձնաժողովի նախագահը հայտարարել էին՝ թանկանալու է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ