«Մեզ ներկայացված է ընդամենը մի լուսանկար, առանց գծագրի, առանց տեքստային մասի, որտեղ երևում է, որ հին օդանավակայանից պահված է միայն միջուկային հատվածը՝ աշտարակը, իսկ օղակային և ճանապարհային հատվածը քանդվում է: Փոխարեն՝ իրենց ներկայացրած լուսանկարի աջ կողմում կառուցվում է մի անհասկանալի շենք, որի բովանդակությունը գոնե մեզ հասկանալի չէ, երկու մասնաշենքերը միացված են նոր օղակով: Մեզ մոտ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ հին օղակը չի կարելի նորի փոխարեն օգտագործել և նոր խնդիրներ չստեղծել»,- «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղևորային համալիրի վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր տարբերակի մասին ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Հիշեցնենք, որ վերջերս էդուարդո Էռնեկյանը, ում ընկերության կողմից կառավարվում է «Զվարթնոց» օդանավակայանը («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որի մեջ է մտնում «Զվարթնոց» օդանավակայանը պատկանում է Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը), լրագրողներին ասել էր, թե ինքը կողմ է, որպեսզի օդանավակայանի կլոր կառույցը քանդվի, քանի որ այն արժեք չունի եւ սեյսմիկ առումով վտանգավոր է:
Սաշուր Քալաշյանի խոսքով, մի խումբ հայ ճարտարապետներ կոնցեսիոների հետ հանդիպում են պահանջել, բայց մերժում ստացել. «Ասացին՝ վաղը գնում ենք արտասահման: Խուսափում են մեզ հետ հանդիպել: Անհասկանալի նախագիծ ու առաջարկություն են ներկայացրել, որից գլուխ չենք հանում: Եթե իմանանք հստակ ինչ են ուզում, կտրուկ կասեինք՝ չի կարելի, իսկ իրենց հետ, եթե հանդիպենք՝ կասենք ինչ է պետք անել: Չի կարելի, մասնակի թողնել, դա հուշարձան է ու պետք է ամբողջական պահպանել»:
«Զվարթնոց» օդանավակայանի նախագծմանը մասնակցած չորս ճարտարապետներից, ֆրանսաբնակ Ժորժ Շեխլյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կոնցեսիոների առաջարկած տարբերակը ոչնչով չի տարբերվում իր նախագծածից.«Ոչ մի տարբերություն չկա, միակ տարբերությունն այն է՝ իմ տարբերակը գոյություն ունի, իրենց տարբերակը դեռ պետք է կառուցեն, չգիտեմ՝ ինչ կստացվի: Արդյոք լավն է, թե վատը: Օդանավակայանի ճարտարապետությունն իր գործառույթով արտադրություն է, ոչ թե գեղեցիկ ռեստորան, որից պետք է հաճույք ստանա: Դա մի մեխանիզմ է, որը ուղղակի պետք է ճիշտ աշխատի… իմաստը չեմ տեսնում նորի, որի վրա ահռելի մեծ գումարներ պետք է ծախսվեն: Դրա համար ենք ուզում հեղինակը գաս, ասենք՝ ինչի համար ես անում: Հետո սիրուն է, երբ տարբեր ճարտարապետություններ ես տեսնում: Երբ մոտենում եմ օդանավակայանի այդ նոր շինությանը, չեմ զգում՝ օդանավակայանի եմ մոտենում, իսկ իմ արածը տեսնում ես՝ առանցքի վրա մեծ, սիրուն կենտրոնական շեշտված կառույցը ու զգում ես՝ ուր ես գնում: Չգիտեմ՝ ինչ են ուզում, ինչու են քանդում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Աչքերս շիտակ կարդացի՞ն՝
հին օդակայանը… «հուշարձան» է, ուրեմն:
Դեհ լաւ, այս մէկն ալ լսած եղանք…
Պարզ է թէ այս կառոյցը ոմանց համար դարձած է սովետական ժամանակների վերաբերող կարօտախտի մի այլ խորհրդանիշ:
Հետաքրքիր է,
քանզի յիշեալ ժամանակներին,
նոյն շէնքը, աւելի շուտ… փախուստի խորհրդանիշ էր: