«Ոչ թալանին» նախաձեռնությունը Մաշտոցի պուրակում հունիսի 16-ին կազմակերպել էր իրազեկման համերգ: Միջոցառմանը ներկա էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիացած է նման շարժումներով: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մտավորականները ակտիվորեն չեն մասնակցում նման ակցիաներին, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, առաջին հերթին երեւի անտարբերությունը, կամ վախը նաեւ, անկաշառ չեն, մի խոսքով: Հիմա մտավորականություն բառը ես մի քիչ վերապահությամբ եմ օգտագործում: Մտավորականը որակական հատկանիշ է, մտավորական լինելը որակ է նշանակում: Ցավոք սրտի, այն ինչ մենք հասկանում ենք մտավորական ասելով նրանց մեջ շատ քիչ տոկոսն է, որ իրապես մտավորական է: Այսինքն՝ մաքուր է, չծախվող է, ազատ է իր մտածողության, արարքների մեջ, եւ ամենակարեւորը՝ անկաշառ»:
Aravot.am-ի ճշտող հարցին այսինքն իր կարծիքով՝ մտավորականության մասնակցությունը որակ կտա՞ շարժմանը, նա ասաց. «Իհարկե՛, հատկապես այն շարժումները եւ նախաձեռնությունները, որ երիտասարդներից է գալիս, մտավորականները նրանց բարոյական ուժ կտան: Դա շատ կարեւոր է, բայց ցավոք սրտի, որեւէ մի շարժման ժամանակ շատ հազվադեպ հանդիպող երեւույթ է, այն ինչ երիտասարդը միշտ մեծի կարիք ունի, ինքը ավելի ուժեղ է քան մեծը, բայց բնազդորեն մեծի կարիք ունի: Լավ կլիներ, որ այս երիտասարդների ծնողներն էլ այստեղ լինեին, իրենց զավակներին երբեք մենակ չթողնեին գործողությունների մեջ, պետք է գաս տեսնես այստեղ, թե ինչ է կատարվում քո երեխայի հետ»:
Հետաքրքրվեցինք, թե Նարինե Թուխիկյանը հավատո՞ւմ է, որ շարժումը հաջողություն կունենա, նա ասաց. «Մի չինացի փիլիսոփա ասել է, որ եթե պայքարում ես, կարող ես եւ պարտվել, բայց եթե չես պայքարում,արդեն պարտված ես: Այսինքն՝ կապ չունի ինչ կլինի, կապ ունի այն, որ պետք է ընդվզես ու պետք է ցույց տաս, որ դու կարող ես ընդվզել ու քո ընդվզումը շատ վատ հետեւանքներ կարող բերել ոմանց համար: Հնարավորինս մինչեւ վերջ պետք է գնալ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ