Երգիչ, երգահան Վահան Արծրունու կյանքին ու գործունեությանն արդեն կարելի է ծանոթանալ նաև ինտերնետային հասցեով: Երաժշտի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կայքի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Կայքի շնորհանդեսը կուղեկցվի նրա համերգով:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահան Արծրունին, կայքն ստեղծվել է երեք հիմնական գործառույթ իրականացնելու համար: Նախ՝ այն հավաստի տեղեկատվության աղբյուր է, ապա՝ ամբողջովին ներկայացնում է արվեստագետին և երրորդ՝ հանրային հաղորդակցման հնարավորություն է տալիս:
Թեև ընդամենը երկու շաբաթ է, որ կայքը գործում է, բայց երաժիշտն ասում է, որ դրա շնորհիվ ինքն արդեն հարցազրույցների հրավերներ է ստացել:
Երաժիշտն անձամբ է պատրաստել իր կայքը: Նա ծրագրավորման, վեբ-դիզայնի մասնագետ չէ, բայց դա նրանից ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է խլել: Նրա խոսքով՝ այսօր շատ համակարգեր կան, որոնք թույլ են տալիս անվճար ստեղծել կառույցը, իսկ հետո գնել դոմեյնն ու գրանցել քո անվամբ:
Կարդացեք նաև
Վահան Արծրունին ասաց նաև, որ կայքը բիզնես գործառույթ էլ ունի, և հնարավոր է դրա միջոցով ձայնագրությունների վաճառք կազմակերպել, բայց այդ մասը դեռևս տեսանելի չէ, քանի որ այն համակարգը, որը գործում է ամբողջ աշխարհում, Հայաստանի դեպքում աշխատում է մեկ ուղղությամբ. «Դուք կարող եք դրսից ձեռք բերել այն, ինչ ուզում եք, բայց դրսից որևէ մեկը չի կարող այստեղից ինչ-որ բան գնել, քանի որ իր փոխանցումը չի հասնի Հայաստան. միջազգային պայմանագիր չկա»,- նշեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ