Արտակ Կիրակոսյանի կարծիքով՝ Հայաստանի համար կարեւոր է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը
«Շատ դժվար է հասկանալ, թե այդ կուսակցությունը լինելով մեծամասամբ քրդական կկարողանա պահպանել մարդկանց քվեն եւ մյուս ընտրություններին գնա առաջ»,- հունիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի համար կարեւոր է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, քանի որ նրանց դիրքորոշումն է կա՛մ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կա՛մ էլ պասիվորեն մերժել. «Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է: Ապագան ցույց կտա, հիմա ոգեւորությունը Էրդողանին բացառելու վրա է: Շատ մեծ հարց է, թե ինչի հիման վրա կկարողանա այդ ամենը ձեւավորվել, զարգանալ»:
Կարդացեք նաև
Իսկ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը իր խոսքում ասաց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դարաշրջանը մոտենում է իր ավարտին. «Հիմա սկսվել է մի գործընթաց, որ Էրդողանի կուսակցության մեջ կգնա ներքին կուսակցական պայքար կորուստների հանդեպ, իր վարած քաղաքականության հանդեպ, հնարավոր է տարբեր ճյուղերի բաժանում: Ըստ իս մի գուցե Գյուլը մի օր կվերադառնա, եւ մի գուցե այլ ձեւավորումներ կստեղծվեն այդ կուսակցությունում, ինչը կբերի հայ-թուրքական հարաբերությունների մեղմ վարմանը կամ դրա հնարավորությանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ