ՀՀԿ պատգամավորը հայտարարեց, որ 1992-ից մինչեւ 2008-ը մարդկանց աշխատանքային ստաժի ոչ հաշվառում ունեն, ոչ արխիվ. «Ոչինչ չունենք, եղա՞վ»
ԱԺ-ում քննարկվում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կարգավորում է գործատու-վարձու աշխատող հարաբերությունները եւ աշխատանքային գրքույկի հետ կապված նախատեսում է դրանցից հրաժարվել եւ կիրառությունից դուրս թողնել:
Մինչեւ 2017-ի հունվարը, եթե աշխատողները աշխատանքային գրքույկներ ունեն, պետք է դրանք հաշվառեն կենսաթոշակային շտեմարանում:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացնող Հակոբ Հակոբյանին հարցրել էր, թե ժամանակին, երբ սոցիալական քարտերը ներդրվում էին, ասում էին, որ այլեւս ոչ մի փաստաթուղթ անհրաժեշտ չէ, հետո տեսանք, որ այդպես չէ:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ շարունակեց գործընկերուհու հարցը եւ մտավախություն հայտնեց, որ մարդիկ ձեւական աշխատանքային գրքույկներ կսարքեն, կմտցնեն շտեմարանների, բազաների մեջ, ինչպե՞ս ենք վերահսկելու դա. «Ի՞նչ եք անելու, եթե մարդիկ այս 2 տարվա մեջ սարքեն ու բերեն աշխատանքային գրքույկներ, որոնք իրականությանը չեն համապատասխանելու»:
Այս հարցին ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանը բավականին ուշագրավ հայտարարություն-խոստովանություն արեց. «Չէի ուզում բարձրաձայնել, բայց ստիպեցիք: Հիմա լրիվ ասեմ: Տեսեք, աշխատանքային գրքույկները մինչեւ 2008-20013 թվականը ունենք ոչ ամբողջական հաշվառում, իսկ 1992-ից մինչեւ 2008-ը ոչ հաշվառում ունենք, ոչ արխիվ ունենք, ոչինչ չունենք, եղա՞վ: Վերցնենք Դեմիրճյանի գործարանը: Գործարանը փակվել է, այն ժամանակ պեչատը կար, մարդիկ վերցրել տպել են պեչատները, ցանկացած հին խոշոր կազմակերպությունները, որոնք եղել են, այսօր աշխատանքային ստաժ տպողներ են: Բերեք ով որ տպել է, թող 2 տարի էլ տպի, բայց հետո էլ երբեք չտպի: Սա ենք ասում, մենք ուրիշ բան չենք ասում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ