Տիգրան Ուրիխանյանի կասկածները իշխանությունների ավանտյուրայի մասին բարկացրեցին ՀՀԿ-ական պատգամավորին
ԱԺ-ում քննարկվում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կարգավորում է գործատու-վարձու աշխատող հարաբերությունները եւ աշխատանքային գրքույկի հետ կապված նախատեսում է դրանցից հրաժարվել եւ կիրառությունից դուրս թողնել:
Մինչեւ 2017-ի հունվարը, եթե աշխատողները աշխատանքային գրքույկներ ունեն, պետք է դրանք հաշվառեն կենսաթոշակային շտեմարանում:
Տիգրան Ուրիխանյանը սոցիալական հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացնող Հակոբ Հակոբյանին հարցրեց՝ մեր երկրում կա արատավոր, բացասական, քաղաքացիների մոտ նյարդային ծանր հիվանդություն առաջացնող երեւույթ՝ տարբեր տեղեկանքներ ձեռք բերելու համար բավականին լուրջ գումարներ են ուզում: Եթե մարդուն անհրաժեշտ է պետական որեւէ գործառույթ իրականացնող կառույցի հետ առնչություն ունենալ եւ որեւէ փաստաթուղթ ստանալ, նա 10 հազար դրամ է վճարում ու վերցնում այդ փաստաթուղթը: Հիմա այդ աշխատանքային գրքույկը վերացնելը դրան չի՞ հանգեցնի, սահմանվո՞ւմ է վարձավճար, որը քաղաքացիները պետք է վճարեն՝ աշխատանքային գրքույկին փոխարինող տեղեկանքը ստանալու համար:
Կարդացեք նաև
Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ նման գումարներ չպետք է մուծվեն: Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքեց. «Մենք այլ հնարավորություն չունենք, բացի հավատալուց ձեր խոստմանը: Բայց եթե նման բան տեղի ունեցավ, քաղաքացիներս իրավունք ենք վերապահելու այս աշխատանքային գրքույկների վերացումը համարել գործող իշխանության կողմից հրամցված հերթական ավանտյուրա՝ պետբյուջեն մարդկանց հաշվին լցնելու համար: Մենք նման կասկածներ ունենք»:
Հակոբ Հակոբյանն էլ մեղադրեց Ուրիխանյանին նախագիծը չկարդալու մեջ. «Լավ, դուք պետք է օրենքը կարդաք առաջինը, որ նման հարց տաք: Դուք չեք կարդացել: Հարց եք տալիս, ձեզ պատասխանում եմ՝ ոչ, դուք շարունակում եք՝ բա որ եղավ, կլինի պետական ավանտյուրա: Ուրեմն դուք պետության նկատմամբ մի քիչ վատ կարծիքի եք: Պետությունը ավանտյուրիստ չի լինում, լինում է հարկ վերցնող, տուրք, տուգանք վերցնող: Պետությունն ամեն ինչ անում է օրենքով: Հակառակը՝ կան որոշ քաղաքացիներ, որոնք կարող են ավանտյուրիստ լինել, որովհետեւ ոչ օրինական գործողություն են անում: Պետական ավանտյուրա չկա, դա կատարվում է օրենքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ