Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային գրքույկները էլ պետք չեն լինելու. Կառավարությունը հրաժարվում է գրքույկներից

Հունիս 16,2015 18:33

Մինչեւ 2017-ի հունվարը, եթե աշխատողները աշխատանքային գրքույկներ ունեն, պետք է դրանք հաշվառեն կենսաթոշակային շտեմարանում

ԱԺ-ում քննարկվում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կարգավորում է գործատու-վարձու աշխատող հարաբերությունները եւ աշխատանքային գրքույկի հետ կապված նախատեսում է այն կիրառությունից հանել:

Սոցիալական հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացնելիս Հակոբ Հակոբյանն ասաց, որ նախագծով շտկում են այն թերությունները, որոնք եղել են գործող օրենքում. «Բնականաբար, ներկայի ու ապագայի մասին ենք մտածում, որի հիմնական նպատակը աշխատանքային գրքույկից հրաժարվելն է: Ցանկացած հարաբերություն վարձու աշխատողի հետ կապված՝ աշխատավարձ կլինի, կենսաթոշակ, թե նպաստ, եթե պետությունը սոցիալական է, պետք է սովորենք մեր քաղաքացիներին աջուձախ չտեղափոխելու գաղափարին: Եթե քաղաքացին աշխատում է եւ պետք է գնա թոշակի, նա ընդամենը պետք է դիմում գրի՝ իր իրավունքներից օգտվելու համար: Թե չէ հիմա շատ լավ գիտեք ինչեր են կատարվում: Առայժմ այդպես կմնա վիճակը, ժամանակի հետ է կապված, բայց հետո կլավանա: Նախագիծը հանձնաժողովում ունի դրական եզրակացություն: Աշխատանքային գրքույկներից հրաժարվելը լավ բան է, որովհետեւ այսօր մենք ունենք մեծ համակարգ, եւ համակարգը ֆիքսում է բոլոր քաղաքացիներին, ովքեր աշխատում են, հարկ են վճարում: Ամեն ինչն այնտեղ կա, էլ պետք չի ավելորդ բան մոգոնել: Աշխատանքային գրքույկները հանելու համար ժամանակ ենք տվել մինչեւ 2017-ի հունվարը, որպեսզի բոլոր աշխատողների ձեռքում, եթե կան աշխատանքային գրքույկներ, քաղաքացին դրանք տանի հաշվառի կենսաթոշակային շտեմարանում կամ աշխատանքային շտեմարանում, դեռ անունը պետք է որոշենք: Մինչեւ 2017-ը ամբողջ բազան ստեղծվի, նոր հրաժարվենք գրքույկներից: Փոխվում է սկզբունք: Մինչեւ հիմա պետք է գրքույկի տեսքով պահվեր ստաժը, հիմա ասվում է, որ պետությունը պարտավոր է քաղաքացու աշխատանքային կենսագրությունը պահել»:

Հակոբ Հակոբյանն ասաց, որ եթե մարդը գնում է ՌԴ աշխատելու եւ աշխատանքային գրքույկ են ուզում, նա պետությունից կարող է տեղեկանք տանել՝ գրքույկի փոխարեն:

Գործող օրենքում սահմանված է, որ աշխատանքային կենսաթոշակի անցնելու ժամանակ գործատուն կարող է ազատել աշխատողին: Հիմա կարգավորվում է, որ 63 տարեկանը լրանալուց հետո գործատուն կարող է պայմանագիր կապել անորոշ ժամանակով, ինչքանով որ վարձու աշխատողն ու գործատուն կհամաձայնվեն: Նախկինում կառավարությունը մտածել է, որ երբ կենսաթոշակային տարիքի մարդկանց ազատում են, դա նշանակում է երիտասարդ կադրերի մուտք, սակայն հիմա գտնում է, որ դա խիստ հարաբերական է, ուստի թողնում է գործատուի հայեցողությանը՝ երիտասարդների՞ն է նախընտրում, թե՞ թոշակառուին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930