Լույս է տեսել Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի “Джаз в Армении” գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ հունիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, Retro Music ակումբում:
Թութունջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նման գիրք գրելու ցանկությունն իր մեջ առաջացել էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում տոնում էին ջազի 70-ամյակը:
«Վաղ թե ուշ, պետք է գրվեր այս գիրքը, որի առաջին հատվածում ջազի ընդհանուր և ամբողջական պատմությունն է, իսկ երկրորդ մասում՝ կոնկրետ հայաստանյան ջազի պատմությունը: Սխալ է, երբ ասում ենք հայկական ջազ: Ճիշտը հայաստանյան ջազ ասելն է, և մենք պետք է պնդենք, որ ջազը ծիլեր է տվել մեր հողում ու բերք է տալիս»,- նշեց Թութունջյանը՝ ընդգծելով, որ սպիտակամորթների դերը ջազային արվեստում հսկայական է. «Ճիշտ չէ կարծելը, թե ջազը միայն սևամորթների երաժշտությունն է»,- ընդգծեց երաժիշտը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Հայաստանում որպես ջազ երաժշտության տարածման պաշտոնական տարեթիվ նշվում է 1938 թվականը, սակայն դրանից առաջ էլ ջազ երաժիշտներ ունեցել ենք:
Իսկ ի՞նչ է ջազը:
«Լևոն Մալխասյանը մի լավ խոսք ունի, ասում է. «Ամեն մարդ ունի իր ջազը»: Եթե ես փորձեմ նկարագրել, թե ինչ է ջազը, ապա դասախոսություն կստացվի, սակայն եթե փորձեմ մեկ նախադասությամբ սահմանել, ապա ջազը արևմտաաֆրիկյան և արևմտաեվրոպական մշակույթների խառնուրդն է»,- պատասխանեց Արմեն Թութունջյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ