ԱԺ-ում քննարկվում է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը սահմանում է ոսկու շուկայում վաճառողների կողմից հարկման մեխանիզմները, որոնք տարանջատվելու են ընդհանուր Շրջանառության հարկի գաղափարից:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, նախագիծը ներկայացնելիս ասաց. «Ոսկու շուկան առանձնացված է ԱԱՀ-ից, հետեւաբար ընդհանուր քննարկումները ցույց տվեցին, որ խնդրահարույց է դա: Ելնելով այդ իրավիճակից, ոչ ստանդարտ լուծում է առաջարկվում, որը շուկայում հիմնական գործողների հետ համաձայնեցված է: ՀՀ վարչապետը պտտվել է ՀՀ-ում գործող բոլոր ոսկու շուկաներում, խոսել, քննարկել եւ եկել են այն եզրակացության, որ այս փոփոխությունները նրանց համար ընդունելի կլինեն: Սահմանված է, որ մեկ վաճառակետի համար՝ կես քմ տարածքով ամսական 35 հազար դրամ սահմանվի: Բոլոր վաճառողները նշում էին, որ փաստաթղթավորումը խնդրահարույց է, որովհետեւ քար գցողներ, քար վերամշակողներ կան շուկայում, բավականին բարդ ոլորտ է, տարածաշրջանային եւ մրցակցային ոլորտ: Իզուր չէ, որ այս ոլորտն ազատված է եղել ԱԱՀ-ից, որը բերեց ոլորտի զարգացման: Առաջարկվել է, որ Երեւանի մեջ էլ լինի գոտիավորում, ոչ միայն մարզերում: Առաջարկ է եղել, որ շրջանառությունից 1 տոկոս հարկ սահմանեն, կառավարության առաջարկով այն կազմելու է տարեկան 420 հազար դրամ»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ տարբեր ասոցիացիաներից գրություններ է ստացել, որ քննարկումներ տեղի չեն ունեցել եւ իրենք դեմ են կառավարության այս մոտեցումներին: Նա խնդրեց քննարկումների ամփոփաթերթիկ ներկայացնել:
Նախարարը որեւէ կերպ չարձագանքեց նրա խնդրանքին, թեեւ Արծվիկ Մինասյանը երկու անգամ հիշեցրեց, որ ամփոփաթերթիկ է ուզում: Արծվիկ Մինասյանը հարցրեց. «Արդյոք սա նոր հարկատեսա՞կ չէ եւ արդյո՞ք այստեղ կիրառելի չէ «Հարկերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, առ այն, որ նոր հարկատեսակի գործողությունը կարող է ուժի մեջ մտնել միայն հաջորդ տարվա հունվարից: Իմ խորին համոզմամբ, սա նոր հարկատեսակ է: Կարո՞ղ են ոսկու շուկայում գործող սուբյեկտները կազմակերպություն ստեղծելով՝ ստանդարտ հարկային դաշտում աշխատեն՝ ստանդարտ վճարում անեն շահութահարկի, թե՞ պետք է պարտադիր արտոնագրայինով վճարեն»:
Կարդացեք նաև
Ըստ Արծվիկ Մինասյանի, փոքր առեւտրականները այս օրենքից վնաս կկրեն, եթե իրենց առեւտրաշրջանառությունը 115 մլն- ից 4 անգամ ավելի քիչ լինի. «Սա չի՞ բերի փոքր առեւտրականների գործունեության փակմանը»:
Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ կառավարությունը երբեք օրենք չի բերի, որոնք կարող են փակել առեւտրականների բիզնեսները:
Ինչ վերաբերում է ստանդարտ հարկատեսակով աշխատելուն՝ նախարարն ասաց, որ օրենքում պետք է ամրագրեն, որ դա կամավոր սկզբունքով է. «Կարող է մարդ լինի, ասի պարտավորվում եմ բոլորն անել: Օրենքը դրանից միայն կշահի, եթե կամավորության սկզբունքը լինի: Եվ այդ լուծումը նոր հարկատեսակ համարվելու հարցն էլ կլուծվի: Արդեն նոր հարկատեսակ չի դառնա»:
Էդմոն Մարուքյանն էլ հարցրեց. «Հույս ունենանք, որ այս օրենքը ընդունելուց չի սկսի էլի բողոքներ, մեզ չեն կանչի, չեն ասի՝ ինչ օրենք եք ընդունել»: Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ կարող է 3000 դնեին, էլի մարդիկ բողոքեին, դա հարաբերությունների եւ վերաբերմունքի խնդիր է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ