Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը մտահոգ է Սիրիայում ստեղծված իրավիճակով

Հունիս 16,2015 17:22

Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, Գլխավոր քարտուղարի Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականի, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցողի և Կրոնի կամ հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի հայտարարությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին

Նյու Յորք, հունիս 12, 2015 թ. – Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, Գլխավոր քարտուղարի Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդական Ջենիֆեր Ուելշը, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող Ռիտա Իսշակը և Կրոնի կամ հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Հայնա Բիլեֆելդը խստորեն դատապարտել են Սիրիայում կառավարական ուժերի կողմից օդային հաճախացած հարձակումները և ոչ ընտրողական գործողության այնպիսի զինատեսակների կիրառումը, ինչպիսիք են բարելային ռումբերը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությամբ բնակեցված տարածքներում: Նրանք զգուշացրել են, որ նման հարձակումները կարող են ավելի սանձազերծել ոչ պետական զինված խմբերի պատասխան գործողությունները և, հետևաբար, մեծացնել ենթադրաբար կառավարությանն աջակցող կրոնական և ազգային փոքրամասնությունների խոցելիությունը:

«Ըստ հաղորդումների՝ կառավարության օդային հարվածների հետևանքով անցյալ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 քաղաքացիական բնակիչ է սպանվել: Այնպիսի միջոցների կամ մեթոդների կիրառումը, որոնք չեն կարող տարբերակել քաղաքացիական բնակչությանը ռազմական թիրախներից, միջազգային մարդասիրական իրավունքի հստակ խախտում է: Սիրիայի կառավարությունը ոչ միայն ձախողվել է իր բնակչությանը ոճրագործություններից պաշտպանելու պարտականության հարցում, այլև ինքն է շարունակում հարձակվել սեփական ժողովրդի վրա»: Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները Կառավարությանը հորդորել են իրականացնել մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքի ներքո իր պարտականությունները:

Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողներն ահազանգել են կառավարության ուժերի օդային հարձակումների ավելի լայն հետևանքների մասին Սիրիայի հատկապես որոշ համայնքների համար: Նրանք զգուշացրել են, որ այս հարվածների հետևանքով ոչ պետական զինված խմբերը կարող են իրականացնել լայնածավալ պատասխան հարձակումներ կրոնական և ազգային այնպիսի փոքրամասնությունների դեմ, որոնք ընկալվում են որպես կառավարությանը հարող, այդ թվում շիա քաղաքացիական անձինք, որոնք ապրում են Հալեպի և Իդլիբի մարզերի Ալ Ֆուահա, Քեֆրայա, Զահրա և Նուբլ պաշարված գյուղերում և Աս-Սուայդա մարզում կենտրոնացած դրուզական համայնքներում: Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողներն ընդգծել են, որ եթե անհապաղ պաշտպանական միջոցներ չձեռնարկվեն, ամբողջական համայնքներ կենթարկվեն այս հակամարտության համար հատուցելու վտանգին:

Ի հավելումն, հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց մտահոգությունը, որ շարունակվում են սպառնալիքները Սիրիայում փոքրամասնությունների խմբերի անվտանգության նկատմամբ, ներառյալ ալևիների, հայերի, ասորիների, դրուզների, իսմայիլականների և քրդերի, որոնք իրենց կրոնական կամ ազգային ինքնության պատճառով սպանվում, հետապնդվում կամ թիրախ են դառնում՝ հիմնականում ոչ պետական զինված ուժերի, այդ թվում՝ Ջաբհաթ ալ-Նուսրայի և այսպես կոչված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից: «Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքը և անհապաղ դադարեցնել ազգային պատկանելության կամ կրոնական հիմքով մարդկանց թիրախ դարձնելը ու անել ամեն ինչ՝ գործողություններով, ինչպես նաև խոսքով, կանխարգելելու հետագա պառակտումը և լարվածության խորացումը հակամարտության գծերի երկայնքով:

Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները նաև դատապարտել են ռասայական կամ կրոնական ատելության քարոզչությունը, ինչը ավանդական և սոցիալական մեդիայում խթան է հանդիսանում Սիրիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնության հարցում: Մասնավորապես, նրանք վրդովմունք են հայտնել վերջին ելույթների և լրատվամիջոցներում հրապարակված հոդվածների կապակցությամբ, որոնցում մերժվում է ալևիների և քրիստոնյաների մարդկային էությունը և կոչ արվում նրանց դավանափոխության կամ մահվան ենթարկել: Նրանք հիշեցրել են, որ միջազգային իրավունքն արգելում է բռնության հրահրումը:

Հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ Սիրիայի կառավարությունը և ոչ պետական զինված խմբերը, ենթադրաբար Սիրիայում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ են արել, որոնք, հնարավոր է, հավասարազոր լինեն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների: Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները դատապարտել են Սիրիայում գերիշխող անպատժելիության մշակույթը և զգուշացրել, որ՝ «զենք կրող կամ հրամանատարի պաշտոն զբաղեցնող յուրաքանչուր ոք պետք է ամենայն հստակությամբ գիտակցի, որ այս ոճրագործությունների մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»:

Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները հիշեցրել են, որ 2005 թ. համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ բոլոր պետությունների և կառավարությունների ղեկավարները հանձնառություն են ստանձնել՝ պաշտպանելու բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից, ներառյալ դրանց հրահրումից, և համագործակցել պաշտպանելու իրենց հավաքական պարտականության իրականացման հարցում: «Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակչության պաշտպանությունը Սիրիայի պետության առաջնային պարտականությունն է: Այդուհանդերձ, ելնելով այս հարցում պետության ձախողման փաստից և հաշվի առնելով հակամարտության բոլոր կողմերի շարունակվող հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ՝ միջազգային հանրությունը և, հատկապես, Անվտանգության խորհուրդը պարտավոր են անհապաղ և վճռական գործողությունների դիմել՝ պաշտպանելու Սիրիայի բնակչությանը»,- հայտարարել են հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930